Որեւէ նորություն այս գործընթացում չկա, մենք գարնանից խոսում ենք այն մասին, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊԵԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կառավարության համապատասխան որոշումներն ընդունված են, ժամանակավոր պաշտոնակատարը որեւէ բան հետին ամսաթվով չպետք է ստորագրեր, սա նույնպես տարրական իրավական չիմացության հետեւանք է, որ պարտադիր փաստաթղթերի փաթեթում է նաեւ, այսպես կոչված, փոխանցման ակտը, որը ստորագրվում է կոնկրետ ամսաթվով եւ կոնկրետ ժամկետում: Խոսքը վերաբերել է փոխանցման ակտիօ ստորագրմանը, որը ընթացակարգերով կարգավորված է: Ամեն ինչ տեղի է ունեցել օրենսդրության համապատասխան»,-ասաց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը ընդգծեց, որ «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փոխարինվել է, որովհետեւ չի իրականացրել կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, այսինքն չի իրականացրել իր պարտականությունները. «Դա եղել է պատճառ, որ իրեն փոխարինենք եւ այնտեղ ունենանք մարդ, որը ավարտին կհասցնի գործընթացը:
Աշխատակիցներին հիմնականում հետաքրքրել է իրենց ստեղծագործական եւ մասնագիտական աշխատանքի շարունակությունը, փոխնախարարը պարզաբանել է, որ ի սկզբանե էլ չկար հարց իրենց աշխատանքի շարունակության մասին: Իրենք շարունակելու են իրենց աշխատանքը: Խոսքն այստեղ աշխատանքի ձեւաչափի մասին է: Հնչել են հարցեր խաղացանկի վերաբերյալ: Ես կարծում եմ՝ ավելի քան պարզ ասացի, որ մենք հակառակը, գնում ենք մշակութային հստատությունների ինքնավարության մեծացման եւ իրենք իրենց խաղացանկը, իրենց ներկայացումները խաղալու Սունդուկյան թատրոնի բեմերում»,- ընդգծեց Անդրեասյանը:











