«Կոտրած տաշտակի» առջեւ կհայտնվեն միայն նրանք, ովքեր մտադիր են Հայաստանը տանել ապակառուցողական ճանապարհով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 30 –ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պարզաբանելով չորեքշաբթի արված իր այն հայտարարությունը, թե այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն ՀՀԿ-ի հետ` կշահեն, իսկ ովքեր դա չեն անի` կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ:
Ասվածի համատեքստը, ըստ վարչապետի, նրանում է, որ իշխանությունները փորձում են համագործակցության կամուրջներ կառուցել ընդդիմության հետ: «Այդ համագործակցությունն անհրաժեշտ է: Սակայն եթե մենք նկատենք ապակառուցողական մոտեցում, մտադիր ենք հակազդել: Մենք դրա համար անհրաժեշտ հնարավորություններ ունենք: Մեր նպատակը բարեկեցիկ եւ կայուն պետության ստեղծումն է, եւ մեր գործողությունները ձգտում ենք ուղղել հենց այդ նպատակին: Ասվածը կարելի է մեկնաբանել ամենատարբեր կերպով, սակայն իմաստը, կարծում եմ, հասկանալի էր»,-նշեց վարչապետը:
Հարցին, թե կարելի՞ է արդյոք այդ արտահայտության հասցեատերերին համարել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերներին, մասնավորապես ` «Բարգավաճ Հայաստանին», Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերների հետ գործընկերային սկզբունքներով է աջանորդվում: «Ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀԿ-ն կարող էր կառավարություն ձեւավորել նաեւ միայնակ, սակայն մենք նախընտրեցինք դա անել քաղաքական մյուս ուժերի հետ համատեղ: Այդ սկզբունքը Հայաստանի նախագահի դիրքորոշման հիմքում է»,-ասաց Տ. Սարգսյանը:



























