Ես չգիտեմ՝ իրենք դրանով ում են ուզում խաբել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուգում, ըստ էության, փորձել է տարանջատել քաղաքական եւ տնտեսական շահերը, նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դժգոհ լինելով, ԵԱՏՄ-ում տնտեսական կապերը շարունակում է:

«Փաշինյանը Սանկտ պետերբուրգում հայտարարեց, որ անընդունելի են աշխարհաքաղաքական օրակարգի խնդիրների արծարծումը զուտ տնտեսական ֆորումում: Ինքը ցույց է տալիս, որ ինքն ապրում է մի զուգահեռ աշխարհում, որտեղ նման բան հնարավոր է, բայց իրականությունն այն է, որ  ինչպես ասում էր փիլիսոփաներից մեկը, քաղաքականությունը տնտեսության խտացված արտահայտությունն է: Քաղաքական բոլոր հարցերը բխում են հիմնականում տնտեսական շահերից: Եթե Նիկոլ Փաշինյանի ուղեղում հնարավոր է քաղաքականությունն անջատել տնտեսությունից, նորմալ աշխարհում դա հնարավոր չէ:

Սա ուղղակի Փաշինյանը հնարել է որպես մի հնարք, որը թույլ է տալիս իրեն գոնե իր կեղծ արեւմտամետ աջակից զանգվածի աչքերում երեւալ ավելի հետեւողական, որ իմ կուրսը սխալ չէր, ես քաղաքական բաղադրիչը մի կողմ եմ դրել, իսկ տնտեսականով գնում ենք համագործակցության»,-ասաց նա: