Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու դիվանագետներ պերսոնա նոն գրատա են ճանաչվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարության՝ տարվա արդյունքների վերաբերյալ հաշվետու ճեպազրույցում։

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները պերսոնա նոն գրատա էին հայտարարել երկու ֆրանսիացի դիվանագետների։

«Երկու օր առաջ նոտա ենք ուղարկել Ֆրանսիայի դեսպանատուն։ Այդ անձանց վերաբերյալ Ադրբեջանի պետական ​​մարմիններում արձանագրվել են լուրջ փաստեր եւ հետաքննության կոչ էր արվել։ Հետաքննությունը պահանջում էր այս պետության համաձայնությունը։ Եթե ​​ֆրանսիական պետությունը վստահ լիներ իր աշխատակիցների անմեղության մեջ, ապա պետք է արձագանքեր մեր կոչին։ Դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, իսկ դիվանագետներին տրվել է 48 օր՝ երկիրը լքելու համար»,- ասաց նախարարը։

Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է երկու ադրբեջանցի դիվանագետների՝ Ֆրանսիայում անցանկալի անձինք հայտարարելու փաստը. «Որպես պատասխան քայլ, առանց որևէ կոնկրետ ապացույցի, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևային կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ, և նրան հայտնել են, որ մեր դիվանագետներից երկուսը Ֆրանսիայում անցանկալի անձինք են հայտարարվել: Նորից նշեմ, որ մենք ապացույցներ ու փաստեր ունենք, իսկ իրենք՝ չունեն»։

Դեռևս պարզ չէ, թե ինչում են Ադրբեջանի իշխանությունները մեղադրում ֆրանսիացի դիվանագետներին։