Առաջնահերթ պետք է թուլացնել լարվածությունը սահմաններում, որպեսզի բացառենք նոր պատերազմի հնարավորությունը: Այս մասին Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե հաջորդ տարվա նպատակներն եւ ռիսկերը որոնք են:

«Մյուս մեր նպատակը, որ պետք է լինի, Արցախի մեր հայկական հողում հայերն անվտանգ ապրեն, սա պետք է լինի մեր նպատակը: Մենք պետք է կարողանանք Հայստանում կազմակերպել արցացիների կյանքը, մինչեւ այդ հարցը կարգավորվի, կազմակերպել արժանապատիվ կյանք: Սա է լինելու մեր առաջնահերթ նպատակները մեկ տարվա կտրվածքով»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նշում է, որ առաջնահերթ պետք է ատելության մթնոլորտը վերացվի, եթե լինի հաշտություն, համերաշխություն, արդեն ինքնըստինքյան բոլոր խնդիրները կլուծվեն:

«Այսօր ընտանիքներ են բաժանվում, բարեկամները միմյանց հետ չեն խոսում, հարեւանները իրար չեն բարեւում, այնտեղ հաշտություն կամ զարգացում չի կարող լինել: Մոենք պետք է միասնական լինենք, կողք կողքի լինենք, իրար հասկանանք, գնահատենք, որ մարդու գործը գնահատես: Պետք է թշնամանքը վերանա եւ հաշտություն ու համերաշխություն լինի: Եթե դրա համար կուսակցությունները պետք է վերանան, թող վերանան, որովհետեւ մենք պետություն ենք կորցնում: Մենք պետք է պետություն ունենանք, մենք հպարտ, ուժեղ, հարգանք վայելող ազգ ենք եղել,  բայց էսօր դա չկա»,- ասել է նա: