«Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը։

«Կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։ Բացի այդ շտկումներից, կփոխվի նաև Վանի թագավորության` բազմիցս քննարկված քարտեզը։ Այդ քարտեզը թյուրիմացաբար է դրվել ժամանակի սղության ու տարբեր հանգամանքների պատճառով։ Կլինի նոր մշակված քարտեզ, որը ներկայացվել է Էրեբունու թանգարանի մեր գործընկերներին։ Կփոխվի նաև Ղազար Փարպեցու պատկերը, որը ևս սխալ է տեղադրված»,- նշեց նա։

«Քննադատությունների զգալի մասն ուղղված է չափորոշիչի դեմ՝ որպես բովանդակություն։ Չափորոշիչը ոչ թե սահմանափակել է ինչ-որ բովանդակություն, այլ ստեղծել է նոր գործիքներ, որոնցով կարելի է այդ բովանդակությունը բազմապատկել 20-ով»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ դասագիրքը քննադատողները չեն անդրադառնում բուն էությանը։

«Ցանկացած նոր գիրք պարունակում է վրիպակներ։ Երաշխավորվել են տասնյակ դասագրքեր, որոնցում վրիպակներ են եղել, սակայն այդ մասին չի խոսվել, խոսում են այն մասին, որ այստեղ գաղափարականացված բանավեճ է, դասագիրքը, իմ կարծիքով, նոր է, և դա է հենց բանավեճի պատճառը։ Դասագիրքը որևէ բովանդակային, էական բան չի պարունակում։ Այն պարզապես առաջարկում է խոսել մեր պատմության մեջ տարբեր քաղաքական պրոեկտների մասին։ Ոչ թե պետք է փակել այդ խոսակցությունը, այլ՝ բացել։ Ես գտնում եմ, որ 7-րդ դասարանցին պետք է սկսի մտածել, որպեսզի 10-րդ դասարանում ավելի խորը ընդունակություններ ունենա»,- նշեց Վահրամ Սողոմոնյանը։