Եթե Ռուսաստանում որևէ մեկը պետք է խոսի Հայաստանի վեկտորը փոխելու մասին, դա Պուտինն է, որն, ընդհակառակը, ինչ-որ իմաստով պաշտպանեց Փաշինյանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում ՌԴ ԱԳՆ-ն Փաշինյանի իշխանության գալուց հետո գրեթե նրա գլխավոր պաշտպանն էր։
«Գաղտնիք չէ, որ նույն ՌԴ դեսպանը (Սերգեյ Կոպիրկինը - խմբ.) տարբեր գործիչների հետ հանդիպումների ժամանակ կոչ էր անում չմիջամտել Փաշինյանին և նրա գործունեությանը։
Սկզբում ՌԴ ԱԳՆ-ն ցանկանում էր ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկում է, բայց պարզվեց, որ դա այդպես չէ, և ռուս պաշտոնյաների ներկայիս կոշտ հայտարարությունները կապված են հենց սրա հետ։ Կրեմլում, բնականաբար, հարցեր առաջացան, թե ով էր այսքան ժամանակ ամեն ինչ լավ լույսի ներքո ներկայացնում, թեև խնդիրները շատ էին։ Դրա համար էլ ԱԳՆ-ի ռուս պաշտոնյաները փորձում են հրաժարվել դրանից։ Այս ամենի քաղաքական ելքը պետք է տա Պուտինը, որը դեռ պատրաստ չէ դրան։
Ռուսաստանը վստահ է, որ ունի բավականաչափ լծակներ, որպեսզի թույլ չտա Երևանին փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Բացի այդ, Ռուսաստանում կարծում են, որ Փաշինյանը ռիսկի չի դիմի գնալ Սահակաշվիլիի ճանապարհով, որը նույնպես հույսը կապել էր Արևմուտքի հետ»,- նշել է նա։
Կիվիրյանի գնահատմամբ, Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունը սկսեց աճել, երբ Ռուսաստանը լուրջ խնդիրների առաջ կանգնեց Ուկրաինայում։ Հիմա Ռուսաստանի գործերն այս ճակատում այնքան էլ վատ չեն, և Փաշինյանի քայլերը կրկին կախված են լինելու Ռուսաստանի հզորացումից կամ թուլացումից։
«Արևմուտքը Փաշինյանին երաշխիքներ էր տվել, որ նա անգործության մատնվի և սպասի մինչև որ Ադրբեջանը կլանի Արցախը, իսկ ի պատասխան դրա Բաքուն խաղաղության պայմանագիր կստորագրի, ինչը չեղավ։ Սա կարող է Փաշինյանի համար հուշում լինել, որ Արևմուտքի հերթական երաշխիքը կարող է նույն արդյունքն ունենալ։ Այս գործոնն էլ Փաշինյանին դրդեց գնալ Սանկտ Պետերբուրգ»,- ընդգծել է Կիվիրյանը։











