Ճապոնիայի կառավարությունը որոշել է ստեղծել նոր հետազոտական կենտրոն, որը կուսումնասիրի արհեստական բանականության (ԱԲ) զարգացման հետ կապված ռիսկերը, եւ կառաջարկի դրանց չեզոքացման ուղիներ, տեղեկացրել է Yomiuri թերթը։

Նշվել է, որ նոր կենտրոնի աշխատանքը կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա ապրիլին։ Պարբերականի տվյալներով՝ կենտրոնը սերտորեն կհամագործակցի ԱԲ ոլորտի ընկերությունների հետ՝ նրանց տրամադրելով իրենց հետազոտությունների արդյունքները։ Աշխատանքն առաջին հերթին կուղղվի կեղծ տեղեկատվության տարածման եւ հեղինակային իրավունքների խախտման նպատակներով արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործման կանխմանը։ Թերթի տվյալներով՝ նոր կենտրոնը կստեղծվի Տոկիոյում գտնվող եւ երկրի կրթության նախարարության հովանու ներքո գործող Ինֆորմատիկայի ազգային ինստիտուտի հիման վրա։

Ճապոնիայի իշխանությունները վերջին ժամանակներս մեծ ուշադրություն են դարձնում ԱԲ զարգացման թեմային եւ պոտենցիալ ռիսկերին, որոնք կապված են դրա հետ։ Որպես այս տարի G7-ի նախագահ Ճապոնիան հանդես է եկել այս ուղղությամբ աշխատանքն ակտիվացնելու նախաձեռնությամբ։ Այժմ երկրում ստեղծվում է թվային տեխնոլոգիա՝ Originator Profile անվանմամբ, որը հետագայում թույլ կտա հետեւել այս կամ այն ինֆորմացիայի սկզբնաղբյուրին (այդ թվում՝ կեղծ եւ չար մտադրությամբ տեղակայված ցանցային տարածքում)։