Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման ամսաթիվը եւ տեղը այդ պետությունների գործն է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը Բաքվի եւ Երեւանի միջեւ եւ արդյոք դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում, նա նշել է, որ «Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրման ամսաթիվն ու տեղը այդ պետությունների արտոնությունն է»։

«Ոչ ոք իրավունք չունի նրանց փոխարեն որոշել, թե երբ դա տեղի կունենա»,- նշել է Գալուզինը՝ ավելացնելով, որ ժամկետների մասին հարցը պետք է հասցեագրել գործընկերներին Բաքվում եւ Երեւանում։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը հիշեցրել է, որ «հասկանալի է, որ մենք չենք կարող անմասն մնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններից»։ «Ռուսաստանը պատմականորեն կովկասյան պետություններից մեկն է եւ տարածաշրջանում ու աշխարհում միակ երկիրը, որը դաշնակցային հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ»,- նշել է նա։

Դիվանագետի խոսքով՝ «ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն նրանք, որոնց համար այն ընդհանուր տուն է»։ «Դրսից ոչ ոք Անդրկովկասում կայուն խաղաղության եւ կայունության ճանապարհ չի բացի»,- ավելացրել է Գալուզինը՝ նշելով, որ «արեւմտյան հրաշագործ օգնության» ակնկալիքը պատրանքային է եւ վտանգավոր»։

«Սերբական Կոսովոյի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի, մերձավորարեւելյան «կարգավորման» (որը փաստացի մոնոպոլացրել է ԱՄՆ-ն), Ուկրաինայի օրինակները ցույց են տալիս, թե ինչով է հղի հայտնի «դեմոկրատացնողների» եւ «հաշտարարների» միջամտությունը»,- ավելացրել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ նման միջամտությունների սխեման «պարզ է. սկզբում խցկվում են մի ինչ-որ տեղ գեղեցիկ կարգախոսներով, ամեն բան տակնուվրա անում, իսկ հենց որ սկսում է թեժանալ՝ փախչում են՝ իրենցից հետո այրված դաշտ թողնելով, եւ հետո, որպես կանոն, չի լինի մեկը, որին պատասխանատվության ենթարկեն»։

«Մեր կողմից գործադրել եւ շարունակում ենք գործադրել ջանքեր Ադրբեջանին եւ Հայաստանին աջակցելու համար հավասարակշռված խաղաղության պայմանագրի մշակման հարցում, որը կկարողանա անփոխարինելի ավանդ ներդնել երկու հարեւան պետությունների հաշտեցման, երկար ժամանակով Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության վերականգնման համար»,- ավելացրել է Գալուզինը։

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ «հաշտեցումը նախատեսում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորում»։ «Համապատասխան «ճանապարհային քարտեզը» լավ հայտնի է։ Դա Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. հայտարարությունների համալիրն է»,- ընդգծել է դիվանագետը՝ ավելացնելով, որ «փաստաթղթերը մնում են ուժի մեջ եւ, հետեւաբար, պետք է կատարվեն»։

Գալուզինը նշել է, որ «ռուսական բանակցային հարթակը միշտ մեր դաշնակիցների եւ գործընկերների տրամադրության տակ է»։ Նա նաեւ հիշեցրել է, որ «Բաքուն եւ Երեւանը կարող են հենվել «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ մի կողմից, Ռուսաստան, Իրան, Թուրքիա՝ մյուս կողմից)» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի վրա»։