Արցախի Մարտունի քաղաքից ընտանիքի հետ տեղահանված 10-ամյա դհոլահար զույգ եղբայրները՝ Տիգրան և Տարոն Տիտանյաներն այլ իրերի հետ Մարտունիում են թողել իրենց երաժշտական գործիքները՝ դհոլներն ու ավագ քույրիկի՝ 12-ամյա Մարիի քանոնը: Սովորածը չմոռանալու և տան տխրությունը մի քիչ «ցրելու» համար տղաները վարձով տանը «դհոլ էին նվագում» սեղանների ու պատուհանագոգերի վրա: Եղբայրների երաժշտական «նոր գործիքների մասին» իմանալով, Մարտունիից իրենց հետ տեղահանված հարևանը՝ սփյուռքահայ Շանթ Չարշաֆյանը, տղաներին նոր դհոլներ է նվիրել: Այժմ Տարոնը և Տիգրանը դհոլի են հաճախում Երևանում, պատրաստվում առաջիկա համերգին:

«Շատ էինք ուզում հետներս վերցնել, այն էլ ավտոբուսի մեջ տեղ չկար, համ էլ՝ պապիկն ասաց, որ ճանապարհին թուրքերը կարող են խլել դհոլներն ու չվերադարձնեն»,-NEWS.am-ին պատմեցին տղաները:

Տիտանյանները սեպտեմբերյան վերջին պատերազմից հետո հարյուր հազարավոր արցախցիների հետ ստիպված էին բռնել գաղթի ճամփան: Մարտունիից Ստեփանակերտ էին հասել զինվորական «Ուրալ»-ով, հետո ավտոբուսով տեղափոխվել Հայաստան: Տղաներին ամենից շատը տպավորել էր Մարտունիից հեռանալու  ճանապարհին իրենց տեսածը՝  Արցախի պաշտպանության բանակի զինտեխնիկայի շարժը, Մարտունիում Մոնթեի ու Նժդեհի արձանների ապամոնտաժումը…

«Տանկերը, պուշկեքը մեր կողքով տանում էին ռուսի պոստ, որ հանձնեն թուրքերին… Մեծ մեքենաներով՝ Կամազով, պադյոմնի կռանով քանդեցին Ավոյի արձանը, տարան հողում թաղեցին, հիմա թուրքերը արձանի տեղում իրենց դրոշն են դրել»,-նկարագրում է Տարոնը:

Զույգ եղբայրները 10  տարում երեք պատերազմ են տեսել, ապրել շրջափակման պայմաններում, լուսացրել արկերի ձայների տակ՝ Մարտունու նկուղներում: Ի տարբերություն տան մյուս անդամների, տղաները քիչ թե շատ հարմարվել են նոր իրականությանը, բայց դեռ կարոտով են հիշում Մարտունիում անցկացրած իրենց օրերը՝ բակային խաղերն ու թաղի ընկերներին:

«Ամեն օր զանգում՝ մեր բակի ընկերների հետ հեռախոսով խոսում ենք. հիշում ենք, ոնց էինք գնում՝ ուրիշ թաղերում գնդակով խաղալու, թե ոնց էին տանտերերը մեզ վռնդում, ասում՝ էս կկոտրեք, էն կփչացնեք: Իմ ընկեր Նոյը լավ է ասում ՝ դե կարո՞ղ են հիմա էլ նույնը ասեն...»,-ժպիտով պատմում է Տարոնը:

Տղաների մայրը՝ վոկալի ուսուցիչ Զարինեն ասում է՝ մինչև վերջ մարտունեցիները պաշտպանել են իրենց քաղաքը, բայց առանց անվտանգային երաշխիքի, ժողովուրդը այլևս չէր կարող դիմանալ:

«Երբեք չեմ մտածել, որ կգա մի օր, որ ստիպված կլինեմ հեռանալ իմ տնից, թողնել աշխատանքս, քաղաքս, երկիրս»,-ասում է կինը:

Զարինեն վերջին պատերազմի ժամանակ Մարտունիի արվեստի դպրոցից գտել էր տղաների դհոլները, բայց քանի որ մեքենա չունեին և ավտոբուսով պիտի հասնեին Հայաստան, շատ իրեր չէին կարող հետները վերցնել, իսկ երեխաների երաժշտական գործիքները որքան էլ արժեքավոր լինեին, ավելորդ բեռ էր գաղթի ճամփին:

Երեխաների դհոլի առաջին ուսուցիչը նրանց պապն է՝ 86-ամյա Բաբկեն Մուսայելյանը: Նա երկար տարիներ եղել է Մարտունու մշակույթի պալատի գեղարվեստական մասի վարիչն ու «Քնար ժողովրդական համույթի» ղեկավարը: Բաբկեն Մուսայելյանը տխրությամբ է հիշում՝ քաղաքի ամբողջ մշակութային ժառանգությունը, երաժշտական գործիքների մեծ մասը՝ քամանչայից մինչև էլեկտրակիթառ, մնացել է թշնամուն, իսկ որ իր համար ամենացավալին է՝ հայկական գերեզմանները՝ պատերազմներում զոհված տղաների շիրիմները, հայրենիքը, որտեղ դարերով ապրել են իր նախնիները: Արցախի 86-ամյա մշակույթի վաստակավոր գործիչը տեղահանվելուց առաջ հողում է թաղել իր 18 մեդալները՝ Լենինի անվան շքանշանից մինչև «Մխիթար Գոշ» մեդալ, իսկ ստացած պատվոգրերը՝ այրել… Այդպես են վարվել արցախցիներից շատերը՝ պատերազմից հետո ստեղծված անորոշության և խուճապի պայմաններում:

Մանրամասները՝  NEWS.am-ի տեսանյութում: