Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սալեհ ալ-Արուրիի սպանությունը «նպատակ ունի ավելի խորը ներքաշել Լիբանանը Գազայի պատերազմի մեջ», հաղորդում է Al Jazeera-ն։

Գրեթե երեք ամիս տևած պատերազմի ընթացքում Իսրայելը գրեթե ամեն օր անդրսահմանային կրակ է բացել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ՝ առայժմ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից:

Բայց Բեյրութում տեղի ունեցած սպանությունից հետո բոլորի ուշադրությունը ուղղված է այն բանին, թե ինչ կլինի հետո: «Ալ-Արուրիի սպանությունը նշանակալի էսկալացիա է», - կարծում է փորձագետ Մահա Յահյան՝ Քարնեգիի Մերձավորարևելյան կենտրոնից:

«Բայց ես չեմ կարծում, որ «Հեզբոլլահը» կցանկանա Լիբանանը ներքաշել մեծ հակամարտության մեջ այս կոնկրետ պահին՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը», - հավելել է Յահյան:

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին սպանվել էր հունվարի 2-ին Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։