ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիին՝ Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնք, վերջին տվյալներով, ավելի քան հարյուր մարդու կյանք են խլել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Ընդունեք մեր խորին ցավակցությունները Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների առիթով։ Գերեզմանատուն այցելած խաղաղ բնակիչների սպանությունը ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով»,- ասվում է Կրեմլի կայքում տեղադրված փաստաթղթում։
Պուտինը խնդրել է «կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»։
«Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով և հաստատում ենք մեր հավատարմությունը այս չարիքի դեմ անզիջում պայքարին»,- ասվում է փաստաթղթում։
Պայթյունները որոտացել են չորեքշաբթի օրը Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ՝ նրա հիշատակի օրը: Սոլեյմանին սպանվել է Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով։
Իրանի հետախուզական ծառայությունները կարծում են, որ պայթյունները նպատակաուղղված ահաբեկչություն են եղել։





























