Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզեր կատարած այցերի ընթացքում կառավարության ծրագրերի իրականացման մասով լրջագույն խնդիրներ է բացահայտել: Այդ մասին իր դժգոհությունը վարչապետը հայտնեց Կառավարության՝ հունվարի 4-ի նիստին:

Դիմելով մարզպետներին` նա ասաց, թե իրեն այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ. «Ինձ պետք են պրոբլեմների լուծումներ, ինձ որևէ մեկդ չտաք բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես, կգաք ու կասեք` այս հարցը լուծված է ու չբացատրեք` ինչպես»,- ասաց Փաշինյանը:

Նա ասաց` այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր, պետք են պաշտոնյաներ, ովքեր լուծում են հարցեր:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին և արձանագրել բազմաթիվ խնդիրներ:

Այսօր Կառավարության որոշումով Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել են պաշտոններից: