Դպրոցներում երեխեքին ասում ենք՝ ձեզ համար դպրոց ենք բացել, եկեք դաս արեք, բայց էդ երեխեն, որ վերարկուն կախեց ու վերարկուն ընկավ, ինքն իր պետության մասին իօ՞նչ է մտածելու: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեխաները որքանո՞վ են լուրջ վերաբերվելու կոչերին, որ եղեք օրինապաշտ, ուժեղացրեք ձեր պետությունը, պետք է ազնիվ լինել: Երեխայի առաջին արձագանքը լինելու է այն, որ էս կախիչը, որ 3 հազարի փոխարեն 150 դրամանոց է, մտածելու է՝ շինարարից սկսած մինչեւ վարչապետ  էդ փողն իրար մեջ կիսել են: Ո՞րն է ուրիշ ռեակցիան: Ես չեմ կարող թույլ տալ, որ մենք պայմաններ ստեղծենք, որ մեր երեխեքը նման բան մտածեն: Երեխան մտածելու է՝ սա մի փնթի, անկազմակերպ, անհեռանկար պետություն է: Ամենաշատ բանը, որ ներշնչել ենք մեր պետության գոյության ընթացքում, այն է, որ սա մի ցնցոտիավոր տեղ է, երեխեք ջան, մտածեք, տեսեք Ամերիկա կգնաք, Եվրոպա կգնաք:

Մենք դպրոց ունենք, որ ջեռուցում չկա, մարզադահլիճ չկա: Ի՞նչ է մտածելու երեխան, որ գիտի, որ ինքը կյանքում ֆիզկուլտուրա չի արել, բայց պետությունը մատյանի մեջ իր անվան դիմաց դրել է գնահատական»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ սա վերաբերմունք է պետության նկատմամբ: