Տիեզերքում շրջագայած Ղուրանը առաջին անգամ ներկայացվել է Իրանի հանրությանը այստեղ մեկնարկած մամուլի եւ լրատվական գործակալությունների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մուսուլմանների համար սուրբ այս գրքի նմուշը, որը Միջազգային տիեզերական կայան է հասցվել ռուս տիեզերագնաց, «Союз ТМА-01М» օդանավի հրամանատար Ալեքսանդր Կալերիի կողմից  2010թ. հոկտեմբերի 8-ին, 159 օր գտնվել է ուղեծրում եւ այս տարվա մարտի 16-ին վերադարձվել է Երկիր:

Ղուրանը տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը իրանցի լրագրող եւ դիվանագետ Սիրիուս Բորզուինն էր, ում անվանում են «իրանական տիեզերական հետազոտությունների հայր»: Նա գիրքը ներկայացրել է թեհրանյան հասարակությանը` դրա առաջին էջին ցուցադրելով Միջազգային տիեզերական կայանի կնիքը:

Յուրահատուկ ցուցանմուշը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում, որն անցկացվում է իրանական մայրաքաղաքի խոշորագույն` իմամ Հոմեյնիի անվան մզկիթում: Ցուցադրությունը կշարունակվի երեք օր: