«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին է տրամադրել 116 անվճար կարճ հեռախոսահամարը` քաղաքացիներից զանգեր ընդունելու նպատակով:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գիտակցելով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետ գործունեության կարեւորությունը, ընկերությունը հոգալու է 116 կարճ հեռախոսահամարի տեղադրման եւ սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը: Այս համարին զանգահարելու դեպքում «ԱրմենՏել» ընկերությունը գումար չի գանձելու Beeline ֆիքսված եւ շարժական կապի բաժանորդներից, իսկ Հայաստանի այլ օպերատորներից չի գանձվելու զանգերի վերջնավորման ծառայության վճարը:

«Մեր աջակցության շնորհիվ երկրի քաղաքացիները կկարողանան անվճար զանգահարել 116 հեռախոսահամարին եւ թողնել հաղորդագրություն կամ ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ: Հուսով ենք, որ Օմբուդսմենի եւ հասարակության ներկայացուցիչների միջեւ հաղորդակցման նոր եղանակը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը` հանուն Հայաստանի ապագայի», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ  116 հեռախոսահամարն Օմբուդսմենի գրասենյակին տրամադրվել է անվճար, առանց ամսական բաժանորդավճարի: