Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի ստորաբաժանումներից մեկի շտաբին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել, հայտնում են իրաքյան լրատվամիջոցները։

Իրաքյան ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ հարվածի հետեւանքով սպանվել են ալ-Հաշդ ալ-Շաաբի աշխարհազորայինների 12-րդ բրիգադի հրամանատար Աբու Թաքվա ալ-Սաիդին և նրա կողմնակիցը, ևս չորսը վիրավորվել են, հաղորդում է Irna-ն:

Al-Mayadeen հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ նախնական տվյալներով՝ Ալ-Նուջբա շարժման հրամանատարը և նրա օգնականը սպանվել են Բաղդադում Ալ-Հաշդ ալ-Շաաբիի շտաբի վրա օդային հարձակման հետևանքով։

«Հեզբոլլահ ալ-Նուջաբա»-ն հաստատել է հրամանատարի մահը և կատարվածի համար մեղադրել ԱՄՆ-ին։ Անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը եղել է Բաղդադում նյութատեխնիկական ապահովման ուժերի շտաբը։