Հայաստանում Ֆիլիպ Կոտլերին  հնարավոր կլինի տեսնել գրեթե բոլոր ձեւաչափերով` հեռուստահարցազրույցներ,  երեկոյան ընդունելություններ, սեմինարներ: Հատկապես, երբ ժամանում է գիտելիքներով կիսվելու պատրաստ մասնագետ, գլխավորն այն է, որ նրան ավելի շատ տեսնեն եւ ավելի լավ լսեն: Նման կարծիք է հայտնում Philip Kotler in Armenia – 11.11.11  նախագծի ղեկավար Արմեն Սարգսյանը NEWS.am-ի հետ հարցազրույցում ` ներկայացնելով  աշխարհահռչակ մարքետինգային խորհրդատուի այցի հիմնական ծրագիրը: Այցը հիմքեր կստեղծի տարածաշրջանային ուսումնական կենտրոնի բացման գործընկերության համար:

Հայաստանում Կոտլերը լինելու է գրեթե չորս օր: Ինչպե՞ս է հագեցված նման երկարատեւ ծրագիրը:

Հայաստանում նա լինելու է նոյեմբերի 13 -16-ը:  Ժամանման իսկ օրը պաշտոնական ընդունելություն կլինի, ինչպես նաեւ ուղիղ  կհեռարձակվի նրա հեռուստահարցազրույցը: Այցն իսկապես ուշադրության է արժանի նաեւ լայն հասարակայնության կողմից: Հազիվ թե Հայաստանում գտնվի մարքետինգի մասնագետ կամ ուսանող, որը չի կարդացել նրա գրքերից թեկուզ մեկը:

Մենք հասցրել ենք  հանդիպումներ անցկացնել մոտ 700 ձեռնարկություններում, ներկայացնել նրանց այցի ծրագիրը: Ձեռներեցների եւ ուսանողների հետ մեր ճանաչողական հանդիպումները ցույց տվեցին, որ Կոտլերին գիտեն շատ ավելի լավ, քան կարծում էինք: Օրինակ, խանութներից մեկում մի վաճառողուհի պատմում էր ընկերուհիներին, թե շուտով Հայաստան է գալու Կոտլերը: «Իսկ ո՞վ Կետլերը» հարցին նա ոգեւորված  պատասխանեց.  «Ինչպե՞ս: Ֆիլիպ Կոտլերը, նա...»:  Նման հետաքրքրությունը մեզ ուրախացնում է:

Այցի նշանակությունը  նաեւ նրանում է, որ Հայաստան կգան մարքետինգային մասնագետներ  ինչպես հարեւան երկրներից` Վրաստանից, Իրանից,  այնպես էլ  Եվրոպայից: Դա ուրախալի է. նշանակում է, մենք կարող ենք  նաեւ նրանց հետ կապեր հաստատել:

Սակայն հեռուստադիտողին  Կոտլերը, ամենայն հավանականությամբ, մարքետինգային սխեմաների մանրամասներին չի ծանոթացնի:

Հեռուստատեսությամբ նա  կներկայացնի իր ընդհանրական գաղափարները:Իսկ հետո  նոյեմբերի 14 – 15-ին արդեն թրեյնինգներ կանցկացնի:  Մենեջերների համար ֆորումը բավականին խորացված կլինի եւ կետեւի 4 – 5 ժամ: Կլինի նաեւ ֆորում գործադիր տնօրենների համար (CEO Forum): Գործարարները հնարավորություն կունենան ուղղակի շփվել Կոտլերի հետ: Այդտեղ մենք սպասում ենք նաեւ օտարերկրյա դիվանագետների, կառավարության անդամների: Առանձին հանդիպումներ ենք նախատեսում նախագահի, վարչապետի հետ, իսկ CEO  ֆորումի ժամանակ` նախարարների հետ:

Ե՞րբ Կոտլերը կհանդիպի ուսանողների հետ: Եւ նրանցից ով կարող է  այդ սեմինարներին մասնակցել:

Մենք այս ծրագիրն անցկացնում ենք որպես հետագա ծրագրերի համար հիմք: Ապագայում Կոտլերը մտադիր է Հայաստնում ստեղծել տարածաշրջանային մարքետինգային կենտրոն: Ուստի մեզ համար կարեւոր է, որ ուսանողներն արդեն հիմա ծանոթանան նրա գաղափարներին:  Մասնակցությունը ուսանողների համար մենք փորձեցինք հնարավորինս մատչելի դարձնել: Ամեն դեպքում, աշխատում ենք, որ ցանկացողներն ու ունակ ուսնողները կորողանան մասնակցել այդ հանդիպմանը, այդ իսկ պատճառով մենք հայտարարեցինք մարքետինգային հրոդվածի մրցույթ, որի հաղթողները կարող են սեմինարին մասնակցել անվճար:

Որքա՞ն է սեմինարներին մասնակցելու համար  ուսանողների եւ գործարարների համար նախատեսված վճարը:

Ուսանողական ֆորումի համար այն պետք է կազմեր 45 հազ. դրամ, սակայն Gallup International ընկերության հովանավորությամբ այդ գումարը հնարավոր եղավ նվազեցնել 25 հազարի: Ցանկացողները կարող են նաեւ մասնացել Knowledge Forum սեմինարին, որի վարձավճարը 180 հազ. դրամ է: Ընդհանուր առմամբ, սա հավասար է Կետլերի թրեյնինգների նվազագույն  գներին:  CEO-ի  եւ մասնագետների համար նախատեսված սեմինարի վարձավճարը 380-480 հազ. դրամ է: Շատերը տարակուսում են: Սակայն առաջին անգամ է Հայաստան այցելում նման հեղինակության եւ մասշտաբի մասնագետ, որի  դասընթացը հնարավորություն կտա ունկնդրելու եւ վկայագիր ստանալու: Այդ վկայագիրը հաստատ  վերջին ակտիվը չի լինի պրոֆեսիոնալի  պորտֆելում:

Եւ ի՞նչ կարող է  դա տալ:

Բնականաբար, Կոտլերի այցը միայն սեմինարներով չի սահմանափակվելու: Պրոֆեսորը շահագրգռված է ավելի լավ ծանոթանալ Հայաստանին:  Պարզվում է, դեռ մինչեւ այցը նա բավականին լավ պատկերացում է ունեցել Հայաստանի մասին, մասնավորապես իր հայազգի ուսանողների հետ ունեցած շփումներից:

Սփյուռքի հայերի՞:

Նրանց շարքում շատ են եղել նաեւ հայաստանցի հայերը:  Կատլերն, ամենայն հավանականությամբ, նրանց հետ շփումներում պոտենցիալ  է նկատել:

Որքանով հասկանում եմ, նման ճանապարհորդություններ նա կատարում է ելնելով իր առաքելությունից, այն է` փոխանցել մարքետինգային գիտելիքներ,  օգնել ներուժ ունեցող երկրներին,  օգտագործել այդ գիտելիքները եւ հասնել հաջողության տարածաշրջանում: Բավական է միայն նշել, որ Թուրքիան ու Վրաստանը բավական երկար ժամանակ էին Կոտլերի հետ բանակցում, իսկ Ադրբեջանը, տեղեկանալով, որ նա այցելելու է Հայաստան, մի քանի անգամ փորձել է այդ շրջանակում այց առաջարկել նաեւ Ադրբեջան:

Կոտլերը կգնա, սակայն գիտելիքները կմնան: Ինչպե՞ս պետք է  հետո տնօրինել  դրանք:

Պրոֆեսորին հաջողություն մաղթելուց հետո մենք ձեռնամուխ կլինենք մարքետինգի տարածաշրջանային կենտրոնի բացմանը` Կոտլերի եւ Kotler Impact-ի գործընկերությամբ: Կենտրոնը կդառնա հետբուհական ձեւաչափի ուսումնական հաստատություն `մարքենտինգի եւ մենջմենթի ուղղվածությամբ, 1,5 – 2 տարի ուսումնառության ժամկետով:  Այնտեղ կարող են սովորել նաեւ Վրաստանի, Ադրբեջանի մասնագետները, հետաքրքրվածություն է նկատվում նաեւ ԱՊՀ երկրներից:

Կենտրոնը կդիտարկի նաեւ հեռահար ուսուցման հնարավորությունը: Մենք կապեր կհաստատենք տարբեր երկրներում նմանատիպ կենտրոնների հետ: Դասախոսների մեծ մասն էլ կհրավիրվեն արտերկրից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ նման կենտրոնում դասավանդման մակարդակին  բավարարում են նաեւ մեր որոշ մասնագետներ:

Մենք ակնկալում ենք  արդյունքներ  երկարաժամկետ հեռանկարում. երբ  այս այցի ազդեցության շնորհիվ, կենտրոնում ուսուցումներից հետո  կամ իրենց վրա աշխատանքի արդյունքում կբարձրանա մեր մասնագետների ընդհանուր մակարդակը, նրանց ճանաչելիությունը արտերկրում: Դրանից չի կարող չշահել մեզնից յուրաքանչյուրը: