Հայաստանի Ազգային Ժողովում լսումներ են կայացել «Նույնականացման քարտերի մասին» օրենքի վերաբերյալ: Լսումների ընթացքում օրինագծի հիմնական դրույթները ներկայացրել է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:

Նույնականացման քարտը պետք է կատարի անձնագրի եւ սոցիալական քարտի գործառույթներ երկրի ներսում, եւ տրվում է սկսած 16 տարեկանից, 10 տարի ժամկետով: Օրենքը նախատեսվում է կիրառել 2012թ. հունվարի 1-ից: Դրանից հետո սոցիալական քարտերից օգտվելը պարտադիր չի լինի: Քաղաքացիները կարող են օգտվել հին նմուշի անձնագրերով եւ ստանալ նորերը: ID-քարտերը կարելի է ստանալ կամավոր` հանձնելով անձնագիրը:

Նույնականակացման քարտերի համար նախատեսված է արտաքին ազդեցությունից առավելագույն պաշտպանություն, նաեւ համատեղելիություն միջազգային համակարգերի հետ:

ID-քարտերի դեմ արտահայտվել են մի շարք հասարակական կազմակերպություններ: «Գթություն» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանն ու Հայ արիական միաբանության ներկայացուցիչները հայտարարել են, որ նախաձեռնությունը սպառնում է ազգային ինքնագիտակցությանը:

Ի պատասխան, հանրապետական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է, որ ժամանակակից աշխարհի պայմանները պահանջում են մարդու նույնականացման նոր միջոցներ: «Մի քանի տարի առաջ նույնականացման տվյալների սահմանափակության պատճառով ինձ շփոթել էին այլ անձի հետ: Այդ ժամանակ հանրապետությունում 100-ից ավելի Դավիթ Հարությունյան կար, իսկ մեկի հետ համընկել էին ծննդյան օրերը: Արդյունքում ուրիշի փոխարեն իմ ունեցվածքն էին բռնագրավում»,- ասել է Դավիթ Հարությունյանը: