Լատվիական Latspeceksports ընկերությունը կարող է ներգրավված լինել Հայաստանին հարձակողական զինամթերք եւ հրթիռային համակարգեր վաճառելու գործում, որոնք գնվել են Մոլդովայում, հաղորդում է chas-daily.com-ը:
Լրագրողների ձեռքում է հայտնվել զենքի մատակարարման պայմանագրի կրկնօրինակը, որում որպես կողմեր հանդես են գալիս Մոլդովայի պաշտպանության նախարարությունը եւ լատվիական նշված ընկերությունը: Latspeceksports-ը հրթիռները գնել է Մոլդովայից եւ, ամենայն հավանականությամբ, վաճառել Հայաստանին: Այս մասին Լատվիայի ԱԳՆ-ին հայտնել են ադրբեջանցի զայրացած դիվանագետները: Այժմ գործը քննում են ոստիկանության անվտանգության մարմինները:
Այս գործը ջրի երես դուրս եկավ մի քանի ամիս առաջ, պայմանավորված այն հանգամանքով, որ ինքնաթիռը, որով տեղափոխվում էր զինամթերքը, գրանցված է Լիբիայում: Այդ պատճառով լատվիական ընկերությանը սկսեցին մեղադրել մոլդովական զինամթերքը Լիբիայի քաղաքացիական պատերազմի մասնակիցներին մատակարարելու համար: Սակայն հետագայում պարզվեց, որ ինքնաթիռը գործածվել է սոսկ որպես տրանսպորտային միջոց, Հայաստան զենք հասցնելու համար, հայտնում է Neka Person-ը:
Պաշտոնապես, խոսքը մոլդովական բանակից դուրս գրված զինամթերքի մասին էր, որը, իբրեւ թե, ուղղակի մատական կիրառություն չուներ: Սակայն հետագայում պարզվեց, որ խոսքը մարտական զենքի մասին է, մասնավորապես, ռեակտիվ «Ураган» հրթիռների, ինչպես նաեւ «Конкурс» եւ «Штурм» հակատանկային հրթիռների: Զինամթերքի այս տեսակներն են նշված պայմանագրում, որը, իբրեւ թե, կնքվել էր Latspeceksports-ի եւ Մոլդովայի պաշտպանության նախարարության միջեւ: Դրանք վաճառվել են շուկայականից շատ ավելի ցածր գնով: Այսպես, շուկայական գներով, Հայաստան հասցված զինամթերքի արժեքը շուրջ 8 միլիոն է, այնինչ պայմանագրում նշված է ընդամենը 3 միլիոն: Ենթադրվում է, մնացած գումարը կաշառքի տեսքով տրվել է մոլդովական զինվորական պաշտոնյաներին:
Հետաքրքիր է այն, որ լատվիական ընկերությունը զենք մատակարարելու համար Լատվիայի ԱԳՆ-ի պաշտոնական թույլտվությունը չուներ: Latspeceksports-ը իբրեւ թե դիմել է նման խնդրանքով, բայց մերժում է ստացել:




























