Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հոկտեմբերի 31-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Ա. Հեֆերնին եւ քննարկել ԼՂ բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարման հարցը:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն անդրադարձել է երկու երկրների միջեւ առկա ջերմ եւ սերտ հարաբերություններին: Նա, ի դեմս դեսպանի, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանություններին` տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի եւ մասնավորապես հայ ժողովրդի հանդեպ մշտապես ցուցաբերվող աջակցության եւ զորակցության համար:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Մինսկի խմբի համանախագահների եւ խմբի համանախագահող երկրների նախագահների կարեւոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:
Գարեգին Բ-ն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների գործադրած ջանքերին` ի խնդիր տարածաշրջանում խաղաղության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորման:
Իր հերթին նորանշանակ դեսպանը շնորհավորել է Գարեգին Բ-ին` ծննդյան 60-ամյակի եւ գահակալության 12-րդ տարեդարձի առիթով:
Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:




























