«Մենք մերոնցով» թերթի խմբագրի եւ նրա ամուսնու սպանության կասկածանքով ձերբակալված հայ եր որդի Աբաջյանների նկուղից մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս, ոստիկանության ծառայողները բացահայտել են  «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու` 56-ամյա Յուրիկ Սրաբյանի սպանությունը:

Սպանության կասկածանքով հոկտեմբերի 26-ին ձերբակալվել են Երեւանի բնակիչներ, հայր եւ որդի Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանները:

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վաղարշակ Աբաջյանին պատկանող Երեւան քաղաքի Այգեստանի 10-րդ փողոցում գտնվող տան խուզարկությամբ` նկուղի թաքստոցից, հայտնաբերվել է առանց համարի, գործարանային արտադրության ատրճանակ` պահունակով, հրացանի խզակոթ, «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացանի փող` մեխանիզմով, հրացանի 1 փող` ձեւափոխված «Կարաբին» հրացանի փամփուշտներ կրակելու համար, 16 տրամաչափի որսորդական հրացանի փող, հրացանի 1 խզակոթ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի` 53, «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 5, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի` 41 եւ տարբեր տրամաչափի 14 փամփուշտ, 1 դաշույն` պատյանով, եւ 1 սվին-դանակ:

Հայտնաբերված զենք-զինամթերքն առգրավվել եւ ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: