Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 31-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չ. Ջեթինդերը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ա. Ռասինը, ինչպես նաեւ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը եւ «ՀՄՀ –Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:
Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերի համար, որոնց շնորհիվ հնարավոր եղավ մեծամասշտաբ աշխատանքներ իրականացնել ենթակառուցվածքների, հատկապես` ոռոգման ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:
Նշելով, որ այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման վերջին փուլն առաջիկայում կավարտվի` փոխվարչապետը նկատել է, որ արդյունքների կիրառման մասով աշխատանքները դեռ կշարունակվեն: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել ամերիկյան գործընկերներին` ծրագրերի իրականացման ողջ ընթացքում ցուցաբերած աջակցության համար:
Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը, հատկապես` տեղական ինքնակառավարման ոլորտում: ՄԶԳ-ի հետ ներկայումս իրականացվում է «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը», որն ուղղված է տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, ՏԻՄ կարողությունների զարգացմանը, որոնք առաջնահերթ են նաեւ ՀՀ կառավարության համար: «Այն համագործակցությունը, որ ունենք ՄԶԳ -ի հետ, շարունակվելու է, քանի որ կառավարությունն առաջիկա տարիներին մեծ ուշադրություն է դարձնելու ՏԻ համակարգի հետագա զարգացմանը»,-նշել է Ա. Գեւորգյանը:
Նա նաեւ ընդգծել է թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ կառավարության հետ գործակցությանը` այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացում նշելով նախկին դեսպան Մարի Յովանովիչի հետեւողական աշխատանքը, եւ վստահություն հայտնել, որ դրական ձեռքբերումները կպահպանվեն:
Փոխվարչապետը կարեւորել է նաեւ մարդահամարի գործընթացում ԱՄՆ աջակցությունը եւ հույս հայտնել, որ այն կշարունակվի նաեւ տվյալների ամփոփման փուլում:
Դեսպանն իր հերթին նշված ուղղություններում արդյունավետ եւ կառուցողական գործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց ինչպես կառավարության, այնպես էլ ՏԿ նախարարության հետ: Նա նույնպես դրական գնահատեց «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակում կատարված աշխատանքները:
«Վաշինգտոնում մեր թիմի գնահատականում արտացոլվում է թրաֆիկինգի ասպարեզում Հայաստանի առաջընթացը, եւ ցանկանում եմ, որ այդ ուղղությամբ դրական աշխատանքը շարունակվի»,-ավելացրել է դեսպանը:
Փոխվարչապետը դեսպանի խնդրանքով նաեւ տեղեկություններ ներկայացրեց տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգերում իրականացվող քաղաքականության, հետագա բարեփոխումների մասին:




























