Մեր ակնկալիքն է Ադրբեջանից եւ բանակցային գործընթացից, որ այն պայմանավորվածությունները, որոնք հայկական կողմը շարունակական արձանագրում է խաղաղության համաձայնագրում, ընդունվեն Ադրբեջանի կողմից եւ դրանց մասին Ադրբեջանը հրապարակային խոսի:  Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Եթե դրանք չեն ընդունվում, նշանակում է՝ պայմանագիրը տվյալ պահին ստորագրելի չի կարող լինել: Հայաստանը շարունակելու է պնդել այդ սկզբունքների վրա: Վերջին տարբերակը, որ ուղարկվել է Բաքու, կրկին այնտեղ տեղ են գտել այն դրույթները, որոնք մեզ համար շատ սկզբունքային են»,-ասաց նա՝ կրկին հիշեցնելով հայկական կողմի համար կարեւոր սկզբունքները՝ երկրների իրավազորություն, օրենսդրություն, փոխադարձություն եւ հավասարություն:

«Այս սկզբունքները պետք է արձանագրվեն համաձայնագրում, եւ  դրանց շուրջ եղել է համաձայնություն նախորդ տարվա հուլիսին: Դրանից հետո միջանցքային տրամաբանությամբ խոսելը մեզ համար անընդունելի է:

Եթե նշվում է, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն Հայաստանի օրենսդրության եւ իրավազորության ներքո, դա նշանակում է, որ անվտանգությունը եւս Հայաստանի տարածքում պետք է ապահովեն Հայաստանի համապատասխան մարմինները: Բայց այս պարամետրերը պետք է բանակցել քննարկել: Մեր ակնկալիքն, է որ Ադրբեջանը կվերահաստատի իր համաձայնությունը, եւ հետո հնարավոր կլինի աշխատանքային կարգով քննարկել այդ պարամետրերը»,- ընդգծեց Սարգիս Խանդանյանը:

Նա շարունակեց, որ մյուս սկզբունքն էլ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, որը մինչ այժմ Հայաստանը չի տեսել Ադրբեջանի կողմից:

«Երբ այն սկզբունքները, որոնք արտահայտվում են խաղաղության պայմանագրի մեր տարբերակում, Ադրբեջանի կողմից ընդունելի լինեն, այդ ժամանակ խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել, այդ սկզբունքներից մեկը նաև տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն է»,- ասաց Խանդանյանը։