Ես այս օրենքի ոգու հետ համաձայն չեմ. Ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե այս օրենքն ընդունելու դեպքում որտեղ են հայտնվում 13, 14, 15մ 21, 22, 23 տարեկան պատանիներն ու երիտասարդները: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հիշեցնենք, որ այս նախագծով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ գումար վճարել եւ ավելի քիչ ժամկետով զինծառայություն անցնել, կամ ընդհանրապես զինծառայություն չանցնել՝ վճարելով 15 մլն դրամ եւ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Հայկ Սարգսյանն էլ արձագանքեց, որ 18-27 տարեկան երիտասարդները այս օրենքի շահառու չեն, նրանք պետք է պարտադիր զինվորական ծառայության լինեն, իսկ ավելի երիտասարդները զորակոչվելու համար պետք է բուժզննություն անցնեն:

Աղազարյանը հակադարձեց. «Մենք երկար ժամանակ գործընկերներ ենք եւ ես վստահ եմ, որ դուք իմ հարցի իմաստը հասկանում եք: Հետեւաբար, իմ հարցին պետք է պատասխանեք ըստ էության:

 «12 տարեկան տղայի պապան չի՞ մտածի, որ 15 տարի հետո մեկ ուրիշ Հայկ Սարգսյան կգա ԱԺ և նմանատիպ օրենք կընդունի։ Չե՞ք անհանգստանում, որ Դուք բացասական վարքագիծ եք մտցնում պատանիների և երիտասարդների շրջանում»,- հարցեց պատգամավորը։

Սարգսյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, նման բան չեմ մտածում: Նախ, ուրիշ Հայկ Սարգսյանի կարիք չի լինի, ես կլինեմ ԱԺ-ում, եթե մեր ժողովուրդը գտնի, որ արժանի եմ.

«Գործող կարգավորումներով 27 տարին լրացած անձինք չեն կարող ծառայել բանակում: Օրենքի նպատակն այն է, որ այն 5 հազար քաղաքացիներին, որոնց ենթադրաբար պետք է բերենք դատենք, բայց փորձը ցույց է տալիս, որ չենք էլ կարողանում բերենք, դատենք, նրանց տանք հնարավորություն ծառայելու կամ գումար վճարելով ազատվելու զինվորական ծառայությունից: Այս օրենքը վերաբերում է նրանց, որոնք այսօր զինապարտ չեն, այսինքն նպատակը հավելյալ ռեսուրս բերելն է: Սա զորակոչին չի խոչընդոտում»:

Հովիկ Աղազարյանն էլ արձգանքեց. «Պարոն Սարգսյան, շատ լավ է ձեր ինքնավստահությունը, որ 15 տարի հետո էլի պատգամավոր կլինեք, հետեւաբար ժամանակ կունենաք,  հաշվարկներ կատարելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ընտրել այս տարբերակներից մեկը.

զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,

զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.,

զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.,

զինվորական ծառայություն չանցնել և վճարել 15 մլն դրամ։