Եկեք չձևացնենք, առաջին անգամ չէ, որ մեր երկրում գումարի դիմաց ազատվում են ծառայությունից, իսկ այս օրենքի նախագծով նախևառաջ ծառայության անցնելու հնարավորությունն է տրվում, ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նշենք, որ այդ նիստում քննարկվում է աղմկահարույց նախագիծը, որով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:
«Եթե այս օրենքը չընդունենք ոչինչ չենք անելու 27 տարեկանների նկատմամբ, անկեղծ։
Եկեք մեզ «ձև» չտանք, բոլորս էլ տեսնում ենք, թե այս երկրում ինչ է կատարվել և կատարվում։ Հիմա էլ մարդիկ փորձում են գումարի դիմաց իրենց որդիներին ազատել բանակից, շատ դեպքերում ստացվում է, շատ դեպքերում էլ բռնվում են։ Լավ կլինի, որ ավելի շատ բռնվեն։
Տարիների շարունակ գիտենք, թե բուհերում այդ թեկնածուականներն ինչի համար են գրվել։ Եկեք մեզ չդնենք այս երկրից կտրված մարդկանց տեղ»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ գումարի դիմաց բանակից ազատվելը Հայաստանում եղել է նորմա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ընտրել այս տարբերակներից մեկը.
զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.,
զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.,
զինվորական ծառայություն չանցնել և վճարել 15 մլն դրամ։











