Ես շատ եմ կարեւորում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները, որը պետք է միտված լինի թշնամական հարաբերությունները կամաց-կամաց մեղմացնելուն եւ համակեցության նոր նորմերով ապրելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Բայց խաղաղության պայմանագիր կնքել առանց միջազգային լուրջ կազմակերպությունների, գերտերությունների մասնակցության, իմաստ չունի: Եթե պայմանագիրը պետք է ստորագրվի առանց միջազգային երաշխավորների, դա անիմաստ փաստաթուղթ է»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի նխագահ Ալիեւի հայտարարությանը, թե ոչ մի քայլ հետ չենք քաշվելու 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից, Հովիկ Աղազարյանն ասաց. «Այս պահին դա այդքան սարսափելի չէ, որովհետեւ եթե մյուս բոլոր հարցերում համաձայնության գանք, ապա այդ հարցերն էլ կարելի է ճշգրտել սահմանների սահմանազատման գործընթացի շրջանակներում: Զորքերի հայելային հետ քաշելը ինքնանպատակ չէ, դա երկու երկրների միջեւ խաղաղության հաստատմանը միտված քայլ է»:











