Ադրբեջանական գազը բավարար չէ բոլոր ծրագրվող նախագծերի ապահովման համար, այդ թվում` «Հարավային միջանցքի» շրջանակներում նախատեսված «Nabucco»-ի: Այս մասին հայտարարել է Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Nabucco» գազատարի նախագիծը ենթադրում է կասպիական տարածաշրջանից եվրոպական երկրներ բնական գազի տեղափոխում, շրջանցելով Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա, եւ Ավստրիա: 3,3 հազար կմ երկարությամբ մագիստրալն արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում շարունակությունը կդառնա: Այն նախատեսված է տարեկան 30 մլրդ կբմ գազ տեղափոխելու համար: Նախագծի մոտավոր արժեքը 7,9 մլրդ եվրո է:
Սակայն, ըստ Սիմոնովի, այսօր «Nabucco»-ն Ադրբեջանից կարող է ակնկալել ընդամենը 10 մլրդ կբմ գազ: Նա նշեց, որ պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ եվրոպական ընդամենը երեք խողովակների պահանջարկը ավելի քան քառակի անգամ գերազանցում է Ադրբեջանի հնարավորությունները: «Ադրբեջանական գազ պատրաստ են գնել բոլորը, միայն թե մեկ նրբերանգ կա. այդ գազն ուղղակի չկա: Բայց կա 10 մլրդ կբմ 2017թ.-ի համար, որի համար հսկայական հերթեր են գոյացել: Այդ պատճառով, «Nabucco»-ն եւ «Հարավային միջանցքի» այլ նախագծեր ռեսուրսային բազայի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»,- եզրափակեց Սիմոնովը:




























