Արցախի լուծարման հրամանագիրը որեւէ ուժ չունի. Արցախի պետական մարմինները, հատկապես ընտրված մարմինները ընտրվել են կոնկրետ ժամանակով, կոնկրետ գործառույթների համար, հետեւաբար, դա հրամանագրով չէ, որ որոշվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:

Անդրադառնալով խոսակցություններից, որ ՀՀ իշխանությունների կողմից կա ճնշում Սամվել Շահրամանյանի վրա, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանման վերաբերյալ որեւէ հայտարարություն չարվի, նա ասաց. «Տեղյակ չեմ, բայց ինչպե՞ս կարող է այդ ինստիտուտների պահպանումը որեւէ ձեւով ազդել Հայաստանի վրա, կամ  սպառնալ ՀՀ պետականությանը: Արցախյան շարժումը սկսվել է որպես ազգային-ազատագրական շարժում, վերածվել պետության, հիմա կորցրել ենք տարածքը, եւ այդ ազատագրական շարժումը, ի դեմս Արցախի պետական կառույցների, գոյություն ունի, եւ բնականաբար, կա Արցախի հարցը: Արցախի հարցը որեւէ ձեւով փակված չէ, որքան էլ որոշ պաշտոնյաներ դա համարեն սպառնալիք Հայաստանի պետականությանը»:

Ինչ վերաբերում է նրան, որ Արցախի քաղաքական ուժերի միջեւ չկա միաբանություն, Խանումյանն ասաց. «Ինչպե՞ս կարող է լինել միաբանություն: Արցախի ԱԺ-ում 5 խմբակցություն կա, 4-ը նպաստել են այն սցենարին, որը վերջում եղավ: Հիմա այդ 4-ը էլի ակտիացել են, ինչ-որ նախաձեռնություններ են անում: Մենք ասել ենք, որ այդ տարբերակները սխալ են, դա բերում է Արցախի կործանման: Հրապարակային ենք ասել, նստել բանակցել ենք, ասել ենք: Հիմա ինչու են այդ մարդիկ էլի մեյդան ընկել, երբ ոչ մի բան չեն կարողանում անել, ոչ մի բան չեն կարողանում պլանավորել, հստակ ծրագիր չունեն: Ինչպես Արցախում էին փորձում գործունեությունը ծավալել, նույնկերպ էլ այստեղ են փորձում ծավալել: Ի՞նչ միաբանության մասին կարող է խոսք լինել: Միաբանություն կարող է լինել հստակ նպատակի շուրջ, եթե մարդիկ նօպատակ են դրել, օրինակ, մոնետիզացնել «Արցախ» անունը, ի՞նչ ընդհանրություն կարող է լինել այդ  մարդկանց հետ: Չէ՞ որ այդ վարքագիծը բերեց Արցախի կործանմանը:

Մյուս կողմից ո՞վ է ասել, որ 1990-ականներին, երբ հաղթել ենք, միասնականություն կար: Չկար միասնականություն: Ուղղակի եղել է կամք այդ ամենը ջարդուփշուր անելու եւ պարտադրելու այն ուղղությունը, որը մեզ բերեց հաղթանակի: Այն ժամանակ էլ Արցախում տարբեր թեւեր կային, տարբեր ուղղություններ կային»: