Երեքշաբթի գիշեր Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Էրբիլի (Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն) օբյեկտներին, ինչպես նաեւ Իդլիբ նահանգին։

Քրդական իշխանությունների տվյալներով՝ հրետակոծության հետեւանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վեց հոգի տուժել է, զոհերի մեջ է նաեւ քուրդ գործարարը։ Ամերիկյան կողմի հայտարարությունների համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիները չեն տուժել։

Իրաքյան Քրդստանի իշխանությունները տեղեկացրել են, որ հրթիռային հարվածի զոհ են դարձել չորս խաղաղ բնակիչներ, վեց մարդ վիրավորվել է։

Հրետակոծությունից անմիջապես հետո դադարեցվել է Էրբիլի միջազգային օդանավակայանի աշխատանքը, որի մոտ խփվել է երեք անօդարու։ Երեքշաբթի առավոտյան օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։

Գրոհի հետեւանքով զոհվել է քուրդ գործարար՝ Falcon Group-ի սեփականատեր Փեշրավ Դիզային, ինչպես նաեւ նրա ընտանիքի չորս անդամներ, տեղեկացրել է ինքնավար շրջանի խորհրդարանի նախկին խոսնակ Հեմին Հավրամին X-ում։

Reuters-ի տեղեկացմամբ՝ Դիզային զբաղվում էր անշարժ գույքի գործառնություններով եւ շինարարական նախագծերով Իրաքյան Քրդստանում եւ մոտ էր վարչապետ Բարզանիի ընտանիքին։

Reuters գործակալությունը, հղում կատարելով տեղի աղբյուրներին, տեղեկացրել է, որ հարված է հասցվել նաեւ քրդական հետախուզության բարձրաստիճան աշխատակցի տանը եւ Էրբիլի քրդական հատուկ ծառայությունների կենտրոններից մեկին։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էյդրիեն Ուոթսոնը հայտնել է, որ ամերիկացի ոչ մի զինծառայող եւ ամերիկյան ոչ մի օբյեկտ չի տուժել։

ԻՀՊԿ հրամանատարությունը հայտարարել է բալիստիկ հրթիռների հարվածի մասին Սիրիայում ահաբեկիչների օբյեկտների դեմ։

Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հրետակոծվել է վարձկանների ճամբարն Իդլիբում, որտեղ տեղակայվում են «Իսլամական պետություն- Խորասանի նահանգ» խմբավորման գրոհայինները։