Իրաքում Իրանի կողմից ոչնչացված թիրախներից մեկը իսրայելական ենթակառուցվածքներն էին, Իսրայելը նաև հակաիրանական կամուրջ ստեղծեց Ադրբեջանում, որը նաև Թեհրանի հավանական թիրախներից է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով, Իրանն իր հերթին դաշնակից ուժեր է ստեղծել նաև Եմենում, Լիբանանում, Սիրիայում, ինչպես նաև Ադրբեջանում։ Նա հավելել է, որ դա անհանգստացնում է Բաքվի բռնապետին, քանի որ նրա իրական ընդդիմությունը իրանամետ շիա խմբավորումներն են, որոնցից շատերը բանտում են և ենթարկվում են ռեպրեսիաների։

Նրա խոսքով, Իրանը կարծում է, որ Քերմանում ահաբեկչությունն իրականացրել են Թուրքիայից Իրան ներխուժած ահաբեկիչները, ուստի Թեհրանի կողմից խոցված թիրախների թվում է Սիրիայում գործող «Թուրքստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորումը, որին աջակցում է Թուրքիան։

«Իրանի հասցրած հարվածները վրեժխնդրության ակտ են, այդ թվում՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հութիների դեմ հարվածների համար։ Այս ամենը Իսլամական Հանրապետության համար կարևոր է նաև ներքին տրամադրությունների տեսանկյունից, քանի որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչության նպատակը նաև այս երկրի ներսում անկայունություն ստեղծելն էր»,- նշեց Ոսկանյանը։

Նրա կարծիքով, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակում ոչ մի արտասովոր բան չկա, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում այս տարածաշրջանում մշտապես բորբոքվել են հակամարտություններ։

«Իրանը դա հասկանում է, պատրանքներ չունի և ամենախիստ քառասունամյա պատժամիջոցների պայմաններում կարողացել է դառնալ մերձավորարևելյան գերտերություն՝ հսկայական ռազմատեխնիկական հնարավորություններով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության մեջ։ Նման պայմաններում ոչ ոք չի համարձակվի հարվածել Իրանին՝ որպես պատասխան քայլ։ Հարվածներ կարող են իրականացվել միայն տարածաշրջանում իրանական պրոքսի ուժերի անձանց դեմ»,- եզրափակեց փորձագետը։