Օրերս Նիկոլ Փաշինյանն արձանագրեց իր վարած քաղաքականության տապալումը. նա այլևս զրոյական գործիչ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նրա խոսքով, եթե դա միայն Փաշինյանի անձնական տապալումը լիներ, ապա կարելի էր դեն նետել այդ ամենն ու մոռանալ «մեր օրերի Հերոստրատին»։
«Բայց խնդիրն այն է, որ այդ տապալման թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը Փաշինյանն է, բայց թիվ մեկ տուժողը հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունն են:
Փաշինյանը հերթական անգամ խոստացել էր խաղաղություն բերել, բայց, ինչպես միշտ, այդ ամենը սուտ դոււրս եկավ, Ալիևն Արցախը կլանելուց հետո անցել է Հայաստանին։
Փաշինյանը փորձում էր իրեն հավատացողներին համոզել, թե Բերձորի միջանցքի շրջափակման, Արցախի պաշարման եւ հանձնման, արցախահայության էթնիկ զտման վրա աչք փակելը ճիշտ էր, քանզի դա այն գինն էր, որը պետք էր վարել Թուրքիայից ու Ադրբեջանից Հայաստանի համար 29 800 քկմ կադաստրի թուղթ ստանալու դիմաց:
Բայց Ալիևի վերջին հայտարարությունից ու Փաշինյանի ինքնախոստովանությունից հետո նույնիսկ այդ փոքր հատվածի համար պարզ դարձավ, որ Փաշինյանը ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր ցեղասպանություն է բերում»,-ասաց Մանուկյանը:
Նա նշեց, որ այսօր ճշմարտության պահ է մեր ժողովրդի եւ ՔՊ-ի շարքերի համար. «Իշխող ուժի միջին ու ստորին շերտերում շատերը հասկանում են, որ Փաշինյանը ձախողվել է, իրենց էլ հետն է ուզում թողնել խորտակվող նավում։
Հետեւաբար, պետք է կողմնորոշվել՝ ՔՊ-ում ուզո՞ւմ են Արցախի գերեզմանափոր դառնալուց հետո, դառնալ նաև Հայաստանի գերեզմանափորը։ Ուզո՞ւմ են դառնալ մեկ մարդու անձնական հաշվարկների, հակապետական քայլերի, սխալների, վախերի գերին։ Ուզո՞ւմ են օգտագործվել ու դեն շպրտվել դավաճանի խարանը ճակատներին: Դեռ մի փոքր ժամանակ կա կողմնորոշվելու, սխալներն ուղղելու, քաղաքական գերությունից դուրս գալու ժամանակը»,-ասաց նա։




























