Էս մարդիկ չեն հասկանում, որ թենիսի կորտերն Ավինյանն իր պապու տնից չի բերել, որ կարողանա առանց հանրության կարծիքը հաշվի առնելու այն տեղափոխի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու անդամ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Իզաբելլա Աբգարյանը։ Նրա խոսքով՝ Օղակաձև այգու չորրորդ գոտու բարեկարգման համար պետք է հայտարարվեր մրցույթ, դրան մասնակցեին բազմաթիվ նախագծեր։ Հանրային քննարկումներից ու մասնագետների կարծիքը հաշվի առնելուց հետո նոր միայն պետք է ընտրվեր նախագիծը։ Մինչդեռ առանց մրցույթի այգու այդ հատվածի վերակառուցման իրավունքը հանձնվելու է ամիսներ առաջ հիմնադրված GreenRock Management Group-ին։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ քանդման ենթակա են ոչ միայն թենիսի կորտերը, այլեւս Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող բոլոր կառույցներն ու շինությունները՝ «Տաշիր պիցցան», «Լաբիրինտը», «Նովելլա մյուզիք հոլը», «Մոնտանա մյուզիք հաուսը», «Հուկահ լաունջ & Ռումսը»։ Չորրորդ գոտին ներառում է այգու՝ Նալբանդյանից մինչեւ Սայաթ-Նովա ձգվող տարածքը։ Հետեւաբար, նշված հատվածից հաշված մետրերի հեռավորությամբ գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի «Multi Wellness»-ը, օրինակ, չի քանդվի։
Ընկերության առաջարկած նախագծով այգում կլինեն ճեմուղիներ, շատրվաններ, սպորտային ու հեծանվային գոտիներ, հանգստի ու ժամանցի ոչ հիմնական շինություններ, նաև սրճարան։
Ավագանու անդամն այս նախաձեռնության մեջ մի քանի խնդիր է տեսնում։ Ճարտարապետական առումով այս նախագիծը նա անշունչ է համարում. այն բնավ համահունչ չէ այգու այդ հատվածի պատմությանը։ Մինչդեռ թենիսի կորտերը, որը վերակառուցման դեպքում նույնպես պետք է քանդվի կամ տեղափոխվի, նրա խոսքով, Երևանի պատմության մի մասն է։
Իզաբելլա Աբգարյանն անհիմն է համարում քաղաքապետի հայտարարությունը, թե թենիսի կորտերը տեղափոխելու որոշման հիմքում հանրային գերակա շահն է։
«Չեն կարող ապացուցել, որ կա հանրային շահ, որովհետև կորտերը հենց հանրային առողջությանը միտված կառույց է։ Ոչ քյաբաբնոց է, ոչ էլ փաբ։ Նման կառույցները պետք է մայրաքաղաքի կենտրոնում ավելացվեն, ոչ թե տեղափոխվեն կամ քանդվեն»,- նշեց Երևանի ավագանու անդամը։
Ավագանու անդամի խոսքով՝ հիմա հանրային գերակա շահի անվան տակ քանդվում են այգու շինությունները՝ անտեսելով տնտեսվարողների սահմանադրական իրավունքը. «Նորմալ երկրում սա մեծ սկանդալ կլիներ, որովհետև, եթե դու խոսում ես ներդրումներ բերելուց, ապա պետք է ներդրումային միջավայրդ լինի թափանցիկ ու կանխատեսելի։ Իսկ այսօր Երևանի ներդրումային միջավայրը, շնորհիվ Երևանի քաղաքապետարանի, դժոխքի է վերածվել»։
Նշենք, որ այգու չորրորդ գոտում հողը հանձնված է երկարաժամկետ վարձակալության, իսկ շինությունների համար սեփականատերերն ունեն սեփականության վկայական։ Նրանք առայժմ հրաժարվում են մեկնաբանել իրենց սեփականությունը քանդելու քաղաքապետարանի նախաձեռնությունը, քանի որ դեռևս չեն ստացել պաշտոնական, կամ ոչ պաշտոնական որեւէ ծանուցում կամ դիմում։
Իզաբելլա Աբգարյանը վստահ է, որ բարեկարգումից հետո այգին նաեւ կոմերցիոն նպատակով է շահագործվելու։ «Մյուս բոլոր սրճարանների ապամոնտաժումից հետո, երբ լինի միայն մեկ սրճարան, դրա գործունեության համար շատ նպաստավոր պայմաններ կլինեն»,- ասաց Երևանի ավագանու անդամը։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը NEWS.am-ին հայտնեց, որ նախագիծը դեռևս քննարկման փուլում է, պայմանագիր չի կնքվել։ Նրա խոսքով, տարածքում շինություններ ունեցող ընկերությունների սեփականատերերին նախաձեռնության մասին չեն ծանուցել, որովհետեւ հստակեցված ու վերջնական ծրագիր չկա։ «Հնարավոր է՝ կառավարությունը տարածքը հանրային գերակա շահ չճանաչի։ Կամ «Գրին ռոք մենեջմենթ գրուպը» վերջնական տարբերակով ներկայացնի մի նախագիծ, որը քաղաքապետարանի համար ընդունելի չլինի»,- ասաց Հայկ Կոստանյանը։
Ինչ վերաբերում է այգու չորրորդ գոտում գտնվող «Նեմեսիս» հուշարձանին, քաղաքապետարանի մամուլի խոսնակը վստահեցրեց, որ այն չի քանդվելու։











