Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում  ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին եւ նրա հետ քննարկել Հայաստանում ամերիկյան հետազոտությունների կենտրոն հիմնելու հարցը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Նախարարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան համագործակցությունը կրթության ոլորտում եւ շեշտել, որ մեր երկրում իրականացվող ամերիկյան կրթական ծրագրերը նպատակային են եւ թույլ են տալիս բավարարել  յուրաքանչյուրի կրթական առանձնահատկությունն ու պահանջը: Դեսպանը, շնորհակալություն  հայտնելով նախարարին ընդունելության համար, կարեւորել եւ պատրաստակամություն է հայտնել նպաստելու համատեղ կրթական ծրագրերի շարունակականության ապահովմանը: Հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկում է ծավալվել  Հայաստանում ամերիկյան հետազոտությունների կենտրոն հիմնելու հարցի շուրջ:

Ընդգծելով, որ կրթությունը Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա ուղղություններից է, նախարար Արմեն Աշոտյանը կարեւորել է տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման գործընթացի անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ ամերիկյան կողմը կաջակցի այս նախաձեռնությանը:  Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են արտահայտել ընթացքի մեջ գտնվող ծրագրերը  շարունակելու եւ նոր նախաձեռնություններով հանդես գալու  վերաբերյալ: