Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն 2012 թվականին կկազմի շուրջ 6,8 մլրդ դրամ: Ազգային ժողովում 2012-ի բյուջետային լսումների ժամանակ, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր`, նոյեմբերի 1-ին, նշել է, որ Հայաստանի փրկարար ծառայությանը կհատկացվի շուրջ 4,1 մլրդ դրամ, իսկ ԱԻՆ-ի մյուս կառույցներին` 2,73 մլրդ դրամ:

ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը հայտնել է, որ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը նախատեսվում է հատկացնել 445 մլն դրամ, «Հայհիդրոմետ»-ին` 549 մլն դրամ:

ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձի մասին «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին ի պատասխան Մխիթարյանը նշել է, որ այն կազմում է 77-78 հազար դրամ: «Իհարկե, դժվար է գտնել ոլորտ, որտեղ ծառայողները բացարձակ գոհ լինեն իրենց աշխատավարձից, բայց ձգտում ենք բավարարվել եղածով»,- հայտարարել է փոխնախարարը: