Մենք կարող ենք հստակ արձանագրել, որ Ռուսաստանը չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նա հայտարարեց, որ ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները կամ անվտանգությունը, ինչի արդյունքում ավելի քան 100 հազար մարդ բռնի տեղահանվել է Հայաստան։ Նույնը, նրա կարծիքով, վերաբերում է Ադրբեջանին, ինչի պատճառով ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը։
«Եթե խոսվում է ռուս սահմանապահների ներգրավվածության մասին ճանապարհների ապաշրջափակման հարցում, այդ թվում՝ Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհները, ապա այդ վերահսկողությունը պետք է իրականացվի մեր ինքնիշխանության շրջանակներում։ Եթե այս ճանապարհին պետք է գործի թեթեւ ռեժիմ, ապա այս տրամաբանությունը պետք է գործի փոխադարձության սկզբունքով»,- նշեց նա։
Բաքոյանն ընդգծեց, որ եթե նախկինում կարելի էր խոսել այս հարցում Ռուսաստանի մասնակցության մասին, ապա այժմ Ռուսաստանը իրավունք չունի այդ մասին խոսելու, իսկ միջանցքի մասին Ադրբեջանի հետ խոսակցությունները պատգամավորը ծիծաղելի է անվանել, քանի որ ոչ մի փաստաթուղթ չի խոսում միջանցքի մասին, բացառությամբ. նոյեմբերի 9-ի հայտարարության, որտեղ շարադրված են Լաչինի միջանցքի կանոնակարգերը։
Պատգամավորը վստահեցրեց, որ Հայաստանը միշտ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ։
Նա վստահությունհայտնեց, որ ստորագրած երեք կողմերից երկուսը շահագրգիռ կողմեր են՝ կոչ անելով այս հարցում չտարանջատել Ռուսաստանին և Ադրբեջանին, քանի որ իրենք շահագրգռված են, որ «դա տեղի ունենա»։
«Հայաստանի տարածքով միջանցքների մասին խոսք լինել չի կարող։ Այս թեզի զարգացումը Հայաստանում ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ ընդդիմության միջոցով փորձում են այս թեզը պահել Հայաստանի քաղաքական օրակարգում։ Ես կարծում եմ, որ մեր դաշնակիցները հարգում են մեր ինքնիշխանությունը, ուստի պետք է խուսափեն նման տրամաբանությունից»,- եզրափակեց պատգամավորը։











