Իսլամաբադն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Պակիստանի տարածքին Իրանի ռազմական հարվածին։ Այս մասին Պակիստանի արտգործնախարար Ջալիլ Աբբաս Ջիլանին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում, ասվում է գերատեսչության կայքում տեղադրված Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պակիստանի ԱԳ նախարարը, արտահայտելով այդ հարձակման  Պակիստանի աներկբա դատապարտումը, հավելել է, որ միջադեպը լուրջ վնաս է հասցրել երկրների երկկողմ կապերին, ասվում է զեկույցում։ Պակիստանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այս սադրիչ գործողություններին։

Ջիլանիի խոսքով՝ Իրանի զինված ուժերի գործողությունը Պակիստանի ինքնիշխանության և միջազգային իրավունքի լուրջ խախտում է, ինչպես նաև հակասում է Իսլամաբադի և Թեհրանի երկկողմ հարաբերությունների ոգուն։ Նա հավելել է, որ ահաբեկչությունը ընդհանուր սպառնալիք է տարածաշրջանի համար, և դրա դեմ պայքարը պահանջում է համաձայնեցված և համակարգված ջանքեր։