Եգիպտոսը  շահագրգռված է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները եւ  համագործակցության հնարավորություններ  է տեսնում զբոսաշրջության, արդյունաբերության, մշակութային ոլորտներում:

Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի հետ հանդիպմանն ասել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին: NEWS.am-ին Տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նախատեսվում է ստեղծել նաեւ երկու երկրների  գործարարների միություն:

Նրա  խոսքով` հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի  նիստը  հնարավոր կլինի անցկացնել Եգիպտոսում նոր կառավարության ձեւավորումից հետո,  երբ կհաստատվի մրջկառավարական հանձնաժողովի եգիպտական կողմի կազմը: Մինչ այդ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կողմերը կգույքագրեն համագործակցության հնարավոր ոլորտները:

Դեսպանը ներկայացրել է նաեւ Եգիպտոսում առկա իրավիճակը եւ երկրի կայունացմանն ուղղված ժամանակավոր կառավարության նախաձեռնած քայլերը: Ա. Գեւորգյանը կարեւորել է Եգիպտոսի տեխնիկական աջակցության հիմնադրամի ծրագրերի իրականացումը Հայաստանում, ինչպես նաեւ ողջունում է Հայաստանում առաջիկայում կազմակերպվելիք Եգիպտոսի մշակույթի օրերի անցկացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, երկու երկրների միջեւ համագործակցութունը զարգացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր: