Հայաստանի ԱԳՆ-ում, այսօր` նոյեմբերի 1-ին, քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳՆ-երի միջեւ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հնդկաստանի ԱԳՆ Արեւելքի քարտուղար Սանջայ Սինգհը (Sanjay Singh):
Խորհրդակցությունների ընթացքում արծարծվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, հայ-հնդկական առեւտրատնտեսական կապերի եւ ներդրումային ծրագրերի, իրավապայմանագրային բազայի արդիականացման, միջազգայինի կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված խնդիրներ:
Կողմերը մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
Հնդկական պատվիրակության անդամներն այցելել են նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան եւ թանգարան:
Նույն օրը ստորագրվել է Հայաստանի կառավարության եւ Հնդկաստանի կառավարության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015թթ. համագործակցության մասին Ծրագիրը, որը նախատեսված է «Գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» 1994թ. մարտի 25-ի համաձայնագրով:




























