Իլհամ Ալիեւի խոսքերը մեկնաբանելն անշնորհակալ աշխատանք է։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հունվարի 18-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նրա խոսքով՝ Ալիեւը կարող է առաջնորդվել պատերազմի օրակարգով։ «Նա «աքլորանալու» մեծ ցանկություն կարող է ունենալ նախընտրական շրջանում։ Այստեղ կարեւոր են ոչ թե Ալիեւի ցանկությունները, այլ այն, ինչը մեզ հետաքրքրում է այս ամբողջ գործընթացում»,- ասել է Ջուլհակյանը։
Պատգամավորը չի կարծում, թե խաղաղության օրակարգը, Ադրբեջանի նախագահի հայտարարությունների համատեքստում, ձախողվել է։ «Ես ոչ միայն չեմ կարծում, որ խաղաղության օրակարգը ձախողվել է, այլեւ կարծում եմ, որ այն չի կարող ձախողվել սկզբունքորեն։ Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Եվ ոչ միայն մեր հարեւանների հետ երկխոսության շրջանակում, այլեւ մեր միջազգային գործընկերների հետ շփման մեջ։ Որովհետեւ աշխարհում մեր տարածաշրջանով հետաքրքրված ենք ոչ միայն մենք, այլեւ ամբողջ միջազգային հանրությունը»,- նշել է Ջուլհակյանը։





























