Իրանի նավահանգիստների եւ ծովագնացության կազմակերպության (PMO) տնօրենների խորհրդի անդամ Մաջիդ Ալի Նազին հայտնել է, որ Իրանը Պարսից ծոցի նոր ծովային քարտեզներ կներկայացնի, տեղեկացրել է Mehr-ը։

Ծովային միջավայրի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպության (ROPME), Ծովային շրջանի հիդրոգրաֆիական հանձնաժողովի (RSAHC)  եւ Միջազգային հիդրոգրաֆիական կազմակերպության (IHO) հայտարարության համաձայն՝  Իրանին հանձնարարվել է ներկայացնել Պարսից ծոցի, Օմանի ծովի եւ Հնդկական օվկիանոսի մի մասի ծովային քարտեզները, հայտնել է Մաջիդ Ալի Նազին։

Նոր չափորոշիչները կփոխարինեն հներին մինչեւ 2026թ., ավելացրել է նա։

Նա նշել է, որ նավիգացիոն քարտեզները նավաստիներին կտրամադրեն անհրաժեշտ բոլոր տվյալները՝ ներառյալ օդերեւութաբանական տեղեկություններ, տեղեկություններ ալիքների, հոսանքների եւ ծովի հատակի տեսակների մասին։

RSAHC-ն 15 տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է ամբողջ աշխարհում, որն ստեղծվել է անդամ պետությունների միջեւ համակարգման ապահովման համար՝ մինչ այդ սահմանված նպատակների եւ ծրագրերի իրականացման նպատակով, որոնք կապված են հիդրոգրաֆիական տվյալների հավաքման, ինչպես նաեւ նավիգացիոն քարտեզների պատրաստման հետ, ինչպես առաջարկվել էր Իրանի կողմից 2000թ.։