Վրացական հինգ հեղինակավոր հասարակական կազմակերպություններ կոչ են արել միջազգային հանրությանը արձագանքել նախընտրական շրջանում Ադրբեջանում լրագրողների ձերբակալություններին, գրում է «Նովոստի-Գռուզիան»։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում կալանավորված լրագրողները քննադատորեն են գնահատել մարդու իրավունքների տեսանկյունից երկրի իշխանությունների գործողությունները։

«Այլակարծության նկատմամբ Ադրբեջանի կառավարության անհանդուրժողականությունը կասկածներ է առաջացնում, որ լրագրողների նախընտրական ձերբակալությունները՝ մանր խուլիգանության, ոստիկանությանը անհնազանդության և մաքսանենգության մեղադրանքով քաղաքական դրդապատճառներ ունեն», - ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակներն ընդգծել են նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է, իսկ անկախ լրագրողների աշխատանքը քաղաքական ճնշումների պատճառով դժվար է։ Մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը ներկայումս զբաղեցնում է 151-րդ տեղը 180 երկրների շարքում։