Տարիների թշնամությունից հետո Էր-Ռիադի և Թեհրանի հարաբերությունների վերականգնելուց ինը ամիս անց, Սաուդյան Արաբիան նոր միջնորդի դեր է ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև, հաղորդում է Middle East Eye-ը՝ վկայակոչելով իրանական աղբյուրները:

Էր-Ռիադի բարձրաստիճան պաշտոնյաները կարևոր դեր են խաղացել երկրների միջև հաղորդագրությունների փոխանցման և Գազայում Իսրայելի պատերազմի հետ կապված լարվածության նվազեցման գործում, նշում են լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ գործընթացը սկսվել է նոյեմբերին, երբ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Էր-Ռիադում մասնակցել է Գազայի պատերազմին նվիրված արտակարգ գագաթնաժողովին, որին ներկա են եղել Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի ղեկավարները:

Պարբերականի հաղորդման համաձայն, իրանցի ինսայդերներից մեկը հայտնել է, որ Ամիր Աբդոլլահիանն իր հետ ԱՄՆ-ի համար ուղերձ էր բերել, որը նրանք պետք է փոխանցեին Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներին։ Սա պատասխան էր վերջերս Վաշինգտոնից ստացված հաղորդագրության։

Սաուդցիներն այնուհետև ուղերձը փոխանցել են Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաներին, ասել է աղբյուրը:

Ինչպես գրում է պարբերականը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի աղբյուրին, երկու կողմերի միջև որպես հաղորդակցության ուղի Սաուդյան Արաբիան օգտագործվել է Օմանի, Քաթարի և Շվեյցարիայի հետ միասին, որը երբեմն դիվանագիտորեն ներկայացնում է ԱՄՆ-ը Թեհրանում։

Չորս երկրները բազմիցս ստիպված են եղել հանդես գալ որպես միջնորդներ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայում պատերազմից հետո:

Իրանի ԱԳՆ-ի աղբյուրի համաձայն, Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխանցված հաղորդագրություններն առաջին հերթին նպատակ են ունեցել զսպել լարվածությունը և կանխել տարածաշրջանում հետագա էսկալացիան։

Աղբյուրը նշում է, որ Թեհրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին հնարավոր հետևանքների մասին, եթե Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում տարածաշրջանային լարվածությունը հասցնի անվերահսկելի մակարդակի: