Ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը դադարեցրել էր զենքի մատակարարումը Հայաստանին. Հայաստանը գումար էր վճարել եւ այդ զենքը գնվել էր, այլ հարց է, որ այդ զենքը Հայաստան չէր հասել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Ես հիմք եմ ընդունում ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատականը այդ զենքի հետ կապված՝ չբացառելով, որ միգուցե իր պաշտոնավարման ժամանակ են այդ պայմանագրերը կնքվել: Զենքը գնվել էր եւ ամենայն հավանականությամբ, այդ զենքը բերելու պատասխանատվությունը Հայաստանի վրա է դրված եղել: Կարող եմ ենթադրել, որ բերելու խնդիրը կապված էր Վրաստանի հետ: Արշակ Կարապետյանն ասաց՝ այդ զենքը կա, գործարաններում ու  պահեստներում է: Հայաստանը պետք է բերեր, չի կարողացել, դա արդեն Հայաստանի խնդիրն է, Ռուսաստանինը չէ:

Ընդ որում, Վրաստանն առաջին անգամ չէ, որ նման կեցվածք է դրսեւորել, 44-օրյա պատերազմի ժամանակ եւ օդային, եւ ցամաքային սահմանը փակել էր Ռուսաստանից զենքի  համար»,-ասաց նա:

Հարցին, թե եթե իսկապես ամեն ինչ այդպես է, ինչու այսքան ժամանակ ռուսական կողմը չէր ասում, որ զենքը տրվել է, փոխադրման խնդիր կա, Նահապետյանը պատասխանեց. «Թող Հայաստանն ասեր: Հայաստանի պաշտոնատար անձինք ասում էին՝ ռուսները մեզ «գցել» են: Ռուսներն ի՞նչ ասեին, ասեին՝ Հայաստանը զենքը գնել է, չի կարողանում բերե՞լ: Ինչո՞ւ ասեին: Մինդեռ Հայաստանում ռուսական զենքը Հայաստան չհասցնելու հարցը դարձրեցին հակառուսական քարոզչության լրջագույնս թեմա»,-ասաց նա:

Փորձագետի խոսքով Ռուսաստանն այսօր լրջագույնս խնդիր է լուծում՝ բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման գործընթացն է առաջնորդում, իր զինվորներն են զոհվում. «Էլ բան ու գործ չկա, Ռուսաստանը պետք է առավոտից երեկո հիմարությունները, հերյուրանքներն ու դատարկաբանությունները մեկնաբանի՞»,-ասաց նա: