Փարիզում, նոյեմբերի 2-ի գիշերն, անհայտ անձինք հրկիզել են Charlie Hebdo  երգիծական ամսագրի գլխավոր գրասենյակը, հայտնում է Europe 1 ռադիոկայանը:

Ըստ Agence France-Presse-ի` հրդեհն սկսվել է գիշերվա ժամը  մեկին: Ենթադրվում է, որ գրոհին մասնակցել են երկու մարդ, ովքեր  «Մոլոտովի կոկտեյլների» շշեր են նետել խմբագրության վրա: Նրանց բռնել դեռ չի հաջողվել: Հրդեհը մասնակի ոչնչացրել է խմբագրության շենքը, բայց զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Գրասենյակի գրոհին զուգահեռ, կոտրել են նաեւ խմբագրության կայքը: Նյութը գրելու պահին դրա գլխավոր էջին հայտնվել էր մզկիթի դիմացի հրապարակի նկարը, որը լի էր մարդկանցով, Ղուրանի պատկերը եւ անգլերեն տեքստ: Դրա հեղինակը դիմում է ընթերցողներին` կոչ անելով ընդունել, որ աշխարհի եւ տիեզերքի արարիչն Ալլահն է: Ներքեւում իսլամին նվիրված կայքերի հղումներ  են տրված, նաեւ ասված է, որ հրատարակչության պորտալի տերն այժմ Սաուդյան Արաբիան է:

Charlie Hebdo ամսագրի գլխավոր գրասենյակի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախօրեին  ամսագիրը հայտարարել էր, որ իր նոր համարի գլխավոր խմբագիրը Մուհամեդ մարգարեն է դարձել:  Մարգարեն Թունիսի ընտրություններում Չափավոր իսլամիստների կուսակցության հաղթանակին նվիրված համարի խմբագիրն էր դարձել:  Ըստ BBC News-ի` ամսագրում գրել էին, որ մարգարեին խնդրել են խմբագրել համարը, եւ նա համաձայնել է: Ի դեպ, հրատարակչության կայքում նա աշխատակիցների թվում դեռ նշված չէ: