Իրանում նոյեմբերի 1-ին ավարտվել է Մամուլի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսը:

Թեհրանում անցկացված ցուցահանդեսին մասնակցել են աշխարհի 56 երկրների ավելի քան 100 զանգվածային լրատվամիջոցներ: Հայաստանը ներկայացրել են NEWS.am եւ «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունների լրագրողները:

Ցուցահանդեսի որոշ մասնակիցներ իրենց տպավորությունների մասին հայտնել են մեր թղթակցին:  Այսպես, Տանզանիայի «The African» թերթը ներկայացնող լրագրողուհին` Սիդի Աբուբակարի Մգումիան նշել է, որ նման միջոցառումը լրագրողներին հնարավոություն է ընձեռում ավելի շատ  բան իմանալ տարբեր երկրների գործընկերների աշխատանքի մասին:

Լեհաստանի ներկայացուցիչ, Լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ Սիլվեսթր Շվարցն ընդգծել է, որ Իսլամական մամուլի միությունը, որը հիմնվել է ցուցահանդեսի շրջանակներում, էական դեր է խաղում: Տվյալ միության ստեղծումը նոր հեռանկարներ է ի հայտ բերում, եւ, հնարավոր է, այն լրագրողների միջազգային կազմակերպության ձեւաւորման նախադրյալներ ստեղծի:

 «Լրագրողի գլխավոր առաքելությունը հանրությանը դաստիարակելն է: Լրատվամիջոցների օգնությամբ դաստիարակելով միմյանց` մենք չեզոքացնում ենք գոյություն ունեցող տեղեկատվական վակուումը եւ կարող ենք խուսափել քաղաքակրթության կոնֆլիկտից», - ասաց նա:

Իր հերթին Ուզբեկստանի ներկայացուցիչ, ուզբեկական խորհրդարանի թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Թաջիբայ Իկրամովը նշեց, որ հաճելիորեն զարմացած է այս ցուցահանդեսի անցկացման փաստով, քանի որ չէր պատկերացնում, որ կարելի է լրատվամիջոցների այսքան շատ ներկայացուցիչների հավաքել մեկ հարկի տակ:

Ցուցահանդեսի արդյունքների մասին մեկնաբանություններ տալու մեր խնդրանքին ի պատասխան, միջոցառման կազմակերպիչ, Իսլամական մշակույթի նախարարության մամուլի բաժնի պետ Մոհամադ Ջավադ Աղաջարին ասաց, որ արդյունքների մասին պետք է լրագրողները խոսեն:

 «Մենք կարող ենք խոսել արդյունքների մասին միայն այն բանից հետո, երբ լրագրողները կվերադառնան տուն եւ Իրանում գտնվելու մասին նյութեր կգրեն: Կարծում եմ` նախորդ տարի արդյունքի հասանք», - հավելեց նա: