Իրանում հայերը ազատ են ապրում եւ շատ իրավունքներ ունեն: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտնել է Իսլամական մշակույթի նախարարությանն առընթեր մամուլի բաժնի պետ Մոհամադ Ջավադ Աղաջարին:
Նա նշել է, որ իրանական Սահմանադրության համաձայն` հայերը խորհրդարանում երկու տեղ ունեն, ինչը ապացուցում է, որ հայերին հարմար է ապրել այդ երկրում:
«Նրանք այլ կրոնի ներկայացուցիչների հետ կողք կողքի են ապրում, բայց ոչ մի խնդիր չի լինում: Իրանի բոլոր բնակիչները պետք է խաղաղ եւ համերաշխ ապրեն», - ասել է Աղաջարին, ով Մամուլի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկն է:
Պատասխանելով հարցին, թե նման միջոցառումներ կազմակերպելիս բիզնեսի տեսանկյունից ի՞նչ շահեր ունի Իրանը, Աղաջարին նշել է, որ հենց լրագրողները կարող են նպաստել մեր երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը:
«Երբ դուք վերադառնաք հայրենիք, հոդվածներ կգրեք Իրանի մասին, այդ կերպ երկիրը կներկայացնեք ձեր հայրենակիցներին: Այստեղ գլխավորը մշակութային կողմն է, համագործակցությունը կզարգանա աստիճանաբար: Իրանի մասին ստացած տեղեկությունները գործարարներին կօգնի համագործակցել իրանական ընկերությունների եւ գործարանների հետ: Համոզված եմ, որ եթե դուք ցույց տաք, թե ինչպիսին է Իրանը իրականում, մենք կարող ենք հարաբերությունները զարգացնել տնտեսական ոլորտում», - նշեց իրանցի պաշտոնյան:
Նշենք, ցուցահանդեսն անցկացվել է Իրանում` հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 1-ը: Հայաստանը ներկայացրել են NEWS.am եւ «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունների լրագրողները:



























