Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռայիսին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում են, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ Կարմիր ծովում իրավիճակի թեժացումը Իսրայելի իշխանությունների գործողությունների հետեւանքն է։ Այս մասին նշվել է Ռայիսիի Անկարա կատարած այցի հիման վրա արված համատեղ հայտարարությունում։
«Երկու երկրների նախագահները, ընդգծելով նավագնացության անվտանգության ապահովման կարեւորությունը տարածաշրջանային եւ միջազգային ջրերում, այդ թվում Կարմիր ծովում, նշել են, որ Կարմիր ծովում ներկայում տիրող իրավիճակը իսրայելական ռեժիմի ագրեսիայի հետեւանքն է, եւ հայտարարել են, որ տարածաշրջանում իրադրության կարգավորման համար անհրաժեշտ են վճռական միջոցներ Իսրայելի հանցագործություններին դիմակայելու համար»,- նշվել է հայտարարությունում, որը հրապարակվել է Իրանի կառավարության կայքում։
Երկու կողմերը Եմենի իրավիճակի քննարկման ժամանակ ընդգծել են նաեւ «քաղաքական որոշման որոնման, այդ երկրում կայուն խաղաղության եւ կայունության հաստատման, անհապաղ հումանիտար օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը»։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման մարտիկները հայտարարել են, որ հարվածներ են հասցնելու Իսրայելի տարածքին եւ թույլ չեն տալու նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովով եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, մինչեւ որ գործողությունն անկլավում դադարեցվի։ Անցած տարվա նոյեմբերի կեսին նրանք գրոհեցին ավելի քան 30 քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում։





























