Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականը կներկայացնի խորհրդարանի նոյեմբերի 14-ի նիստում: Այս մասին, այսօր` նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասել է ինքը` Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Աբրահամյանը պատրաստվում է ստանձնել ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը:

«Պաշտոնապես ես իմ հրաժարականը կներկայացնեմ նոյեմբերի 14-ին: Դրանից հետո, ԱԺ կանոնակարգի համաձայն, այն ուժի մեջ կմտնի 5 օր անց: Նոյեմբերի 21-ին մենք ՀՀԿ-ում արդեն կարող ենք քննարկել ԱԺ նոր նախագահի թեկնածությունը»,- հայտարարել է նա:

Մինչ այդ, ըստ նրա, ճիշտ չի լինի ենթադրություններ անել, թե ով կարող է լինել առավել հավանական թեկնածուն այդ պաշտոնի համար: «Ներկայումս նոր թեկնածություններ քննարկելն այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ այդ պաշտոնը դեռ զբաղված է»,- հայտարարել է Աբրահամյանը:

«Արժանի թեկնածուներ միշտ էլ կան: Կարծում եմ, նրանցից մեկին գտնել կհաջողվի: Չեմ ուզում, որ ֆետիշացվի այդ հարցը, որովհետեւ մինչեւ ընտրություններ մնացել է մի քանի ամիս: Մենք ավելի գլոբալ խնդիրներ ունենք: Մենք նոր ընտրական օրենսգիրք ենք ընդունել, բայց մի բան է ընդունելը, մեկ այլ բան` այն պրակտիկայում կիրառելը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը, հավելելով, որ ներկայումս գլխավոր խնդիրներից մեկւ ընտրությունների հանդեպ ժողովրդի վստահության վերականգնումն է: