ԱՄՆ պետդեպարտամենտը ուրբաթ բարձրացրել է Բահամներ մեկնել պատրաստվող իր քաղաքացիների նախազգուշացման մակարդակը՝ հորդորելով «չափազանց զգույշ լինել», քանի որ երկրի մայրաքաղաքում այս տարի արդեն գրանցվել է 18 սպանություն։

Զգուշության մակարդակը մինչեւ 2 բարձրացնելը հաջորդել է չորեքշաբթի Նասաուում ԱՄՆ դեսպանության հրապարակած անվտանգության նախազգուշացմանը։

«Սպանությունները տեղի են ունենում օրվա ցանկացած ժամին, անգամ օրը ցերեկով, փողոցներում,- նշվել է դեսպանության նախազգուշացման մեջ։- 2024թ. սպանությունների հիմնական մոտիվը հանցախմբերի կողմից իրականացվող բռնությունն է»։

Ամերիկացի ճանապարհորդներին խորհուրդ է տրվել հատկապես զգույշ լինել Նասաուում, գիշերային զբոսանքների ժամանակ, լինել ուշադիր շրջակա իրադրության հանդեպ, դիմադրություն չցուցաբերել թալանչիների հանդիպելիս, ինչպես նաեւ ունենալ եւ վերանայել անվտանգության պլանները։

Պետդեպարտամենտը ամերիկացիներին նախազգուշացրել է միայնակ չլողալ Բահամներում, որտեղ վերջերս շնաձկների հարձակումներ են գրանցվել։

Բահամյան կղզիների վարչապետ Ֆիլիպ Դեւիսը արձագանքել է դեսպանության նախազգուշացմանը՝ հայտնելով, որ այդ զգուշացումը հազիվ թե ազդի իր երկրում ամերիկացի զբոսաշրջիկների թվի վրա, տեղեկացրել է The Tribune բահամյան պարբերականը։

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն իրավունք ունի նման նախազգուշացումներ հրապարակել, եւ Բահամյան կղզիները նույնն են անում, տեղեկացրել է պարբերականը։